Մատչելի հղումներ

Իրանը կարող է մեծացնել զենքի մատակարարումը Ռուսաստանին՝ անտեսելով պատժամիջոցները


Բրիտանական Sky News լրատվականը  ձեռք է բերել ռուսական ինքնաթիռների լուսանկարներ, որոնք իբր 140 միլիոն եվրո կանխիկ են առաքում Թեհրան, որպես Ռուսաստանի Դաշնությանը իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքի համար վճար։

Բրիտանական Sky News լրատվականը, հղում անելով սեփական անանուն աղբյուրներին, հաղորդում է, որ ռուսական ավիացիան Իրանի մայրաքաղաք է տեղափոխել 140 միլիոն եվրոյի կանխիկ գումար։ Sky News-ի ստացած արբանյակային պատկերները ցույց են տալիս ռուսական երկու ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռները Թեհրանի օդանավակայանում։ Հիմնվելով անանուն աղբյուրների տվյալների վրա՝ Sky News-ը ենթադրում է, որ այդ գումարը Մոսկվային իրանական արտադրության մոտ 160 մարտական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վճարն է։

Ըստ ամերիկացի քաղաքագետ Իլան Բերմանի՝ «Իրանի կողմից զենքի մատակարարումը ռուս-իրանական հարաբերություններում ցույց է տալիս Ռուսաստանի հստակ հետընթացը. պատմականորեն Ռուսաստանն այդ հարաբերություններում եղել է ավագ գործընկերը. օգտագործելով իր ազդեցությունը միջազգային ասպարեզում՝ Իրանի համար բարենպաստ պայմաններ է ստեղծել, ինչպիսիք են պատժամիջոցների թուլացումը: Այժմ իրավիճակը փոխվել է, Ռուսաստանը ստիպված է ավելի ու ավելի շատ հույսեր կապել Իրանի ռազմական օգնության հետ, քանի որ ռազմական առումով այժմ դժվար ժամանակներ է ապրում։ Իսկ Իրանը դառնում է այն ռեսուրսների աղբյուրը, որն Ռուսաստանը կարող է ապավինել»։

Իրանական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են ռուսական բանակի կողմից, մասնավորապես, Ուկրաինայի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամատակարարման գծերը խափանելու համար։ Ուկրաինացիների համար ռուսական բանակում անօդաչուների քանակի ավելացումը նշանակում է մարդկային կորուստներ, ոչնչացված ենթակառուցվածքներ և զգալի ծախսեր հակաօդային հրթիռների համար:

«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը մեր կողմից չի հորինված։ Դա ՄԱԿ-ի կանոնադրության կետ է, որի տակ ստորագրել են աշխարհի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը։ Սկզբունքներ, որոնց համաձայն՝ չես կարող բռնությամբ գրավել գործընկերներիդ տարածքը, չես կարող Իրանից անօդաչու թռչող սարքեր գնել և գցել բնակելի շենքերի և քաղաքացիական էլեկտրակայանների վրա՝ փորձելով ահաբեկել բնակչությանը։ Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք Ռուսաստանն ամբողջությամբ անտեսել է, ինչը հանգեցրել է Ուկրաինայում մարդկային զոհերի, ինչպես նաև խախտել է կայունությունն ու անվտանգությունն Ուկրաինայի և Եվրոպայի սահմաններին»,-ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու Ջեյք Սալիվանը։

Հաղորդվում է, որ ռուսական ավիացիան Թեհրան է առաքել բրիտանական և ամերիկյան հակատանկային և զենիթահրթիռային հրթիռների նմուշներ։ Ենթադրվում է, որ Իրանի ռազմական հրամանատարությունը մտադիր է ուսումնասիրել արևմտյան զենքի այս նմուշները՝ նպատակ ունենալով օգտագործել դրանց տեխնոլոգիաները սեփական մարտական համակարգերի արտադրության մեջ։

Քաղաքագետ Բերմանը կարծում է, որ «Այժմ Արևմուտքում փոխըմբռնման հետաքրքիր տեղաշարժ կա: Եվրոպացի պաշտոնյաները Բրյուսելում գնալով ավելի են գիտակցում, որ Իրանն արդեն դարձել է այս պատերազմի մասնակիցներից մեկը, որի մասշտաբները Եվրոպան չէր տեսել վերջին կես դարում։ Ամերիկացի քաղաքական գործիչները, ի տարբերություն եվրոպացիների, դեռ չեն հասկանում, որ Իրանը իրականում Ռուսաստանի կողմից է այս հակամարտությունում։ Եվ առաջին հերթին Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի քաղաքական էլիտան պետք է նույն հայտարարի գա՝ ընդունելով, որ Իրանն աստիճանաբար ավելի է ներգրավվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմում»:

Sky News-ի նույն աղբյուրը հայտնում է, որ Թեհրանը և Մոսկվան վերջերս պայմանագիր են ստորագրել Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մինչև 20 միլիոն եվրոյի չափով նոր մատակարարման վերաբերյալ՝ օգտագործելու դրանք Ուկրաինայի դեմ։ Պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդուլլահ Խանը օրերս ասել էր, որ անօդաչու սարքերի մատակարարումը տեղի է ունեցել, բայց Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից առաջ և ոչ հետո։

«Արևմտյան երկրների այդ իրարանցումը և հրթիռների մասին հաղորդագրությունները բացարձակապես սխալ են։ Մենք պայմանավորվեցինք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ ապացույցներ կներկայացնել, որ Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր է օգտագործում Ուկրաինայում։ Մեր քաղաքական գործիչների պատվիրակությունը մեկնել է Եվրոպա հանդիպման, սակայն, ցավոք, վերջին պահին ուկրաինական կողմը չի ներկայացել։ Բայց, իհարկե, եթե մեզ ապացուցեն, որ Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր, մենք անտարբեր չենք մնա դրա նկատմամբ»-հայտարարել է Ամիր Աբդուլլահ Խանը։

Մինչ քաղաքական գործիչները դիվանագիտական մակարդակով լուծում են փորձում մշակել, ուկրաինական բանակի զինվորականները փորձում են ինքնուրույն կերպով դուրս գալ իրավիճակից։ Նիկոլաևի մերձակայքի ուկրաինական ստորաբաժանումներում մեթոդներ են մշակել անօդաչուների դեմ։ Ինքնաշեն սարքերը թույլ են տալիս կրակել թռչող թիրախներին:

Հնարավոր է այն կիրառվի նաև զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում։ Փորձարկելով դրանք գործնականում՝ նրանք ասում են, որ այժմ կարող են խոցել մինչև 80 տոկոս անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են ռուսական զորքերի կողմից։

XS
SM
MD
LG