Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ջանքերին»․Էնթոնի Բլինքեն


Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, - «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ աջակցելու երկկողմ խաղաղության քննարկումներին նոյեմբերի 7-ին կայացած բանակցություններից հետո: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը պահպանեն բանակցությունների թափը և խուսափեն սադրանքներից: Նա նաև կոչ է արել շարունակել առաջընթացը խաղաղ գործընթացին նպաստելու կոնկրետ արդյունքների հասնելու ուղղությամբ»։

Հեռախոսազրույցից հետո Բլինքենը նաև գրառումներ է արել «Թվիթեր»-ի իր էջում Փաշինյանի և Ալիևի հետ իր զրույցների կապակցությամբ։

«Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների թափը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», - գրել է Բլինքենը:

«Ես նախագահ Ալիևին հորդորել եմ պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների թափը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցություններից հետո: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին աջակցելուն», - գրել է Բլինքենը:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տեղեկության համաձայն վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:

Սույն հոդվածը կազմվել է ԱՄՆ Պետքարտուղարության, պետքարտուղար Բլինքենի Թվիթերի էջի և ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տեղեկության համաձայն։

XS
SM
MD
LG