Մատչելի հղումներ

Մարիուպոլի վերապրածները. Վավերագրություն, որը հակասում է պատերազմի մասին ռուսական պատումներին


«Մարիուպոլ. Չկորած հույսը» նոր վավերագրական ֆիլմը ցույց է տալիս Ուկրաինայի պատերազմը սովորական մարդկանց աչքերով, ովքեր կարողացել են փրկվել ու գոյատևել: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ում։

Մարիուպոլի բնակիչները հիշում են, թե ինչպես սկսվեց Ռուսաստանի ներխուժումը, իրենց խոսքերով` պատկերելով պատերազմի իրականությունը։

Նրանց մասին պատմող «Մարիուպոլ. չկորած հույս» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում:

Ֆիլմում նկարահանված բժիշկ և կամավոր Ջիլիան Զելդինը երեք ամիս աշխատել է փախստականների օգնության կենտրոններում՝ ուկրաինա-լեհական սահմանին:

Նա նաև ուկրաինացի զինվորականներին սովորեցրել է, թե ինչպես է հարկավոր օգնել վիրավորներին մարտական գործողության ժամանակ:

«Ես ուղղակի չէի ուզում այս ամենից հեռու մնալ։ Ես գնացի և տեսա բազմաթիվ հիվանդների: Աշխատել եմ այնտեղ ծառայող իսրայելից ժամանած բժիշկների երկու խմբերի հովանու ներքո»,-պատմել է նա։

Ռոման Գորոդենսկին Մարիուպոլի պաշտպաններից էր։ Այնտեղ կորցրել է ձեռքն ու ոտքը և գերվարվել ռուսների կողմից։ Գորոդենսկին ասում է, որ իրեն խոշտանգել են և ազատել գերիների փոխանակման ժամանակ: Այժմ նա վերականգնողական փուլ է անցնում ԱՄՆ-ում։

«Հուսով եմ, որ շուտով նորմալ կքայլեմ, ձեռքս ու ոտքս էլ նորմալ կաշխատեն։ Այնուհետև, կարծում եմ, որ նորից կմիանամ Ուկրաինայի զինված ուժերին»։

Վավերագրական ֆիլմը հիմնված է Մարիուպոլի լրագրող Նադեժդա Սուխորուկովայի գրառումների և ռուսական օկուպացիայի առաջին ամիսներին Մարիուպոլի բնակիչների օրագրերի վրա։

Ֆիլմը, որը արտադրվել է ուկրաինական պրոդյուսերների կազմակերպության կողմից, ընդգծում է ճշմարտությունը ռուսական ամբողջ ապատեղեկատվության ներքո, ասում է ֆիլմի ռեժիսոր Մաքս Լիտվինովը. «Նրանք փորձում են տարածել Եվրոպայում, թե ինչու է այս պատերազմն արդար և ինչ պատճառաբանություններ ունեն: Մենք պարզապես գիտեինք, որ պետք է ցույց տանք ճշմարտությունը, որը կկանգնի այդ բոլոր ստերի դեմ»:

Ուկրաինացիները վավերագրական ֆիլմում ասում են, որ աշխարհը պետք է իմանա և հիշի Մարիուպոլում տեղի ունեցածը:

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի խոսքով՝ «Մեզ համար կարևոր էր թույլ տալ, որ բարձրաձայնվի քաղաքացիների խոսքը՝ մայրիկիս և տատիկիս և տասնյակ հազարավոր մարդկանց ձայները, ովքեր փրկվել են այս ողբերգական պատերազմից»:

Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ֆիլմում ցուցադրվում են նաև ռուսական ռազմական հանցագործությունների ապացույցներ:

Մարիուպոլի քաղաքապետը վստահ է՝ «Այս վավերագրական ֆիլմը կօգտագործվի Հաագայում քրեական դատավարության ժամանակ: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»:

«Ասա ճշմարտությունը իմ քաղաքի մասին», - լրագրող Նադեժդա Սուխորուկովայի այս գրառումով եզրափակվում է վավերագրական ֆիլմը և ամփոփում ուկրաինացի փրկվածների հույսը:

XS
SM
MD
LG