Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ընտրություններ են. արդյո՞ք դեմոկրատները կկորցնեն, թե կպահպանեն մեծամասնությունը Կոնգրեսում


Պայքար է ընթանում Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 100 տեղերից 35-ի համար.

Ամերիկացիները այսօր՝ նոյեմբերի 9-ին, քվեարկում են ԱՄՆ միջանկյալ ընտրություններում, որտեղ կորոշվի՝ դեմոկրատները կկորցնեն, թե կպահպանեն մեծամասնությունը Կոնգրեսում։

Այդպիսով, նաև հարց է, թե արդյոք դեմոկրատները կպահպանեն նախագահ Ջո Բայդենի օրակարգն առաջ տանելու կարողությունը առաջիկա երկու տարիների ընթացքում:

Սպիտակ տան իշխող կուսակցությունը սովորաբար կորցնում է մանդատները միջանկյալ ընտրություններում։ Այսօրվա արդյունքները ևս, ըստ կանխատեսումների, չեն տարբերվի, քանի որ բարձր գնաճն ու հանցագործություներն ընտրողների համար ավելի մտահոգիչ են, քան աբորտի սահմանադրական իրավունքը և 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի հարձակումը:

Ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը և Սենատի 100 տեղերից 35-ը։ Կանխատեսվում է, որ հանրապետականները կստանան այն հինգ տեղերը, որոնք անհրաժեշտ են Ներկայացուցիչների պալատում մեծամասնության համար, մինչդեռ Սենատի արդյունքերը կորոշվեն չորս վճռորոշ նահանգներում՝ Փենսիլվանիայում, Նևադայում, Ջորջիայում և Արիզոնայում:

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ԱՄՆ-ում սկսեցին ձեւավորվել 2024 թվականի նախագահական ընտրությունների ուրվագծերը։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան ակնարկել է, որ շուտով նոր արշավ է սկսելու Սպիտակ տան համար՝ Օհայոյի համախոհներին ասելով, որ նոյեմբերի 15-ին «մեծ հայտարարություն» կանի:

Ավելի քան 42 միլիոն ամերիկացիներ քվեարկել են վաղաժամկետ՝ փոստով կամ անձամբ: Նահանգային ընտրական կառույցները նախազգուշացնում են, որ ամբողջական արդյունքները կարող են հայտնի չլինել մի քանի օր, քանի դեռ քվեաթերթիկները հաշվարկվում են, և Սենատի արդյունքերը կարող է պարզ չլինեն մինչև դեկտեմբերի 6-ը, ինչպես նաև Ջորջիա նահանգում հավանական երկրորդ փուլի պատճառով։

Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է կիրառել ձայնի իրավունքի մասին դաշնային օրենքները 24 նահանգներում։

Միացյալ նահանգներում զուգահեռ տեղի են ունենում նահանգապետերի 36 ընտրություններ և տասնյակ այլ նահանգային ընտրապայքարներ։ Միչիգանում, Վիսքոնսինում, Նևադայում, Արիզոնայում և Ջորջիայում նաև նահանգապետեր են ընտրում:

XS
SM
MD
LG