Մատչելի հղումներ

Ռուսաստանն ինչո՞ւ վերադարձավ «հացահատիկային գործարքին»


Մոսկվան կրկին դժգոհություն հայտնեց «հացահատիկի գործարքի» առնչությամբ, չնայած այն հանգամանքին, որ դրանից մեկ օր առաջ էր համաձայնվել թույլատրել ուկրաինական հացահատիկի արտահանումները Սեւ ծովով: Հիշեցնենք, որ գործարքը ձեռք էր բերվել այն պայմանով, որ Ուկրաինան տրանզիտային միջանցքը չէր օգտագործելու ռազմական գործողություններ իրականացնելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, թե չի նկատվել Ռուսաստանի նկատմամբ այստեղից արտահանումների հարցում սահմանափակումների մեղմացում: Այդ պատճառով, ասել է նա, Ռուսաստանը ցանկանում է անհապաղ կերպով այս հարցը քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակը Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինան երբեւիցե չի օգտագործել եւ չունի ապագայում էլ այդ միջանցքը ռազմական նպատակներով կիրառելու ծրագիր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային մեղադրում է օդից եւ ծովային տարածքից անօդաչու թռչող սարքերի միջոցով Սեւաստոպոլի ծովածոցում ռուսական նավերի դեմ հարձակումներ իրականացնելու մեջ: Ռուսները պնդում են, որ այս սարքերից մեկն արձակվել է քաղաքացիական մի նավից, որն արտահանելիս է եղել հացահատիկ: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ այդ օրն այդ հատվածում չի եղել ուկրաինական եւ ոչ մի նավ: Այնպես որ, ասում են փորձագետները, Պուտինը շարունակում է շանտաժի լեզուն ու ոճը, ու փորձում է նորից արգելել ուկրաինական նավերի նավարկումն այստեղ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե երաշխավորում է Օդեսայից Բոսֆորի նեղուցով նավերի անվտանգ անցումը: Դա Պուտինին դրեց հիմար դրության մեջ: ‘’Երբ խոսում ես գործարքից հրաժարվելու ցանկության մասին եւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ինքնին հայտնվում ես նսեմացուցիչ իրավիճակում, ասում են վերլուծաբանները, եւ շեշտում, թե լավ է, որ Պուտինը չունեցավ դրանից հետո ընդդեմ հացահատիկ տեղափոխող նավերի ռազմական գործողություններ իրականացնելու համարձակություն: Այդ դեպքում, ասում են նրանք, Պուտինի նավատորմը պիտի հայտնվեր թուրքական նավատորին դեմ հանդիման, երբ Սեւ ծովում թուրքական կողմը շատ ավելի հզոր է, քան ռուսականը: Բացի այդ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այս երկիրը վայելում է այս դաշինքի պաշտպանությունը: Բացի այդ, Թուրքիան ունի այս նեղուցներով ռուսական ռազմանավերի նավարկությունն արգելելու հնարավորություն, երբ Ռուսաստանն այս ուղով է մատակարարում Սիրիայում տեղակայված իր ուժերին:

Վերլուծաբանների խոսքերով, այս դեպքում Ռուսաստանի բարեկամ Թուրքիայի քայլն ընդդեմ Ռուսաստանի արդարացված է: Ռուսաստանը սկսում է հասկանալ, որ աստիճանաբար ավելի միայնակ է մնում: Ու պիտի հասկանա, որ ուժի դիրքերից խոսելու իր փորձառությունն արագ է կորցնում իր ուժը:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG