Մատչելի հղումներ

Իրանցի կանանց պայքարը շարունակվում է սերունդներով


Իրանցի կանայք ևս մեկ անգամ վտանգում են ամեն ինչ՝ պայքարելու իրենց իրավունքների համար, չնայած շարունակվող հարձակումներին: Իրանցի կանանց բողոքի շարժման վերաբերյալ Ջորջթաունի կանանց, խաղաղության և անվտանգության ինստիտուտի նախաձեռնած քննարկման բանախոսներից գրող, պրոֆեսոր Ազար Նաֆիսին ինքն էլ 1997թվականին դուրս էր մնացել համալսարանից հիջաբ չկրելու համար, տեղափոխվել ԱՄՆ։ Նա տարիներ շարունակ բարձրաձայնել է իրանցի կանանց իրավունքների հետ կապված հարցեր նաև իր հեղինակած գրքերում։

«Երբ լսեցի Իրանում մեկնարկած բողոքի ցույցերի մասին, մտածեցի՝ Աստված իմ, սա այն է, ինչին ես սպասում էի դեռ այն ժամանակից, երբ հիջաբ չկրելու համար վտարվեցի Թեհրամի համալսարանից։ Հիմա այնտեղ իմ երեխաներն ու թոռները պայքարում են այն ազատության համար, որի մասին մենք երազել ենք»,-ասում է նա։

Պրոֆեսորի խոսքով՝ Իրանում ազատությունը ասոցացվում է Արևմուտքի հետ, և ազատություն պահանջող մարդկանց համարում են արևմտամետ, ինչը դատապարտելի է Իրանում իշխանության եկած ռեժիմի կողմից։ Իսկ կանանց իրավունքներ տալը և այդ մասին խոսելը համարվում է անբարոյականության քարոզ։

«Իրանցի կանանց պայքարը սերունդներով է շարունակվում։ Այս ամենը բոլորին է ստիպում հուզվել։ Ես այնքան լի եմ բարկությամբ Իրանի ռեժիմի կողմից բռնության ու դաժանության շուրջ, հույս ունեմ Իրանի կանանց հերոսական պայքարը հաջողության կհասնի»,- ասում է Ազար Նաֆիսին։

Հիջաբ կրելու պարտադրանքի պատճառով Իրանի վարչակարգի դեմ բողոքի ալիքը բորբոքվեց հատկապես ոստիկանության կողմից ոչ ճիշտ հիջաբ կրելու համար սպանված կնոջ՝ Մահսա Ամինի դեպքից հետո։ Բանախոսների փոխանցմամբ՝ ամեն օր և գիշեր ոստիկանությունը սպանում է բազմաթիվ ցուցարարների, բռնություն կիրառում մարդկանց նկատմամբ։

Իրանցի ակտիվիստ Փուրան Նազամին, ով Իրանից քննարկմանը միացավ տեսաուղերձով, հայտնում է, որ փողոցները վերածվել են պատերազմական գոտու, իսկ արցունքաբեր գազի ու վառոդի հոտն ամենուր է։ «Մեր երեխաները սովորել են սոցիալական ցանցերից, որ իրենք էլ կարող են ձեր երեխաների նման լինել, և նրանք դրուս են եկել փողոց իրենց իրավունքների համար։ Նրանք հիմա հասկանում են, որ գոյություն ունի հավասարություն և իրենք էլ իրենց տեղն ունեն աշխարհում։ Չգիտեմ՝ տեսե՞լ եք, թե ինչպես է ոստիկանությունը փողոցներում սպանում երեխաների: Բայց դա է մեր իրականությունը»,-ասում է նա։

Կանանց իրավունքների պաշտպան, «Իմ գաղտագողի ազատություն» շարժման հիմնադիր, գրող, լրագրող Մասի Ալինեժադը, ով իր սոցիալական էջերի միջոցով մոբիլիզացնում է շուրջ 10 միլիոն իրանցի կանանց, խոսեց պայքարի կարևորության մասին՝ շեշտելով, որ այն անտեսելը վտանգի է ենթարկում միլիոնավոր իրանցի կանանց կյանքեր։

«Ամեն անգամ, երբ մենք այս պայքարի մասին բարձրաձայնում ենք Արևմուտքում, ասում են, որ դա ձեր կրոնի մասն է, և մենք չենք ցանկանում խառնվել դրան։ Մինչդեռ իրականում կանայք, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների ու ազատության հացրերը, այժմ կամ ձերբակալված են, կամ այլևս մեզ հետ չեն»,-նշում է նա։

Ըստ լրագրողի՝ առաջին անգամն է, որ Իրանում այս ծավալի բողոքի ալիք է բարձրացել, և առաջին անգամ նման ծավալի բռնության դեպքեր են գրանցվել։ Աշխարհը տեսնում է դա և հասկանում, որ այս անգամ ամեն բան բոլորովին այլ է։ Սակայն իրենք էլ դեռ չեն տեսնում արևմտյան կառավարությունների կողմից ուժեղ աջակցություն այդ պայքարին։

XS
SM
MD
LG