Ռուսաստանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ նորից ուժի մեջ կմտցնի այն համաձայնագիրը, որն Ուկրաինային թույլ է տալիս Սեւ ծովով արտահանել հացահատիկ: Հիշեցնենք, որ գործարքը Ռուսաստանը դադարեցրել էր չորս օր առաջ` պատճառաբանելով իր նավատորմի դեմ ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից իրականացված հարձակումը:
Ռուսաստանը նորից պայմանագրին վերադառնալու մասին որոշում կայացրեց Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջեւ անցկացված հեռախոսազրույցից հետո: Մինչ այդ զրուցել էին նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարները:
Նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի ներգրավվածության շնորհիվ Ուկրաինայից հնարավոր է եղել գրավոր երաշխիքներ ստանալ, որ չի օգտագործի հումանիտար միջանցքը և ուկրաինական նավահանգիստները` Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Ռուս քաղաքական վերլուծաբան Տատյանա Ստանովայան ասել է, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի կողմից արված այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Պուտինը հասկանում է, որ ինքը չի կարող արգելափակել բեռնափոխադրումները:
«Կրեմլն ինքը պարզապես ընկավ մի թակարդի մեջ, որից չգիտեր, թե ինչպես էր դուրս գալու», - ասում է նա:
Այս ամենին հակառակ, Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կրկին դուրս գալ հացահատիկի բեռնափոխադրման գործարքից, եթե պատահի, որ Ուկրաինան նորից իրականացնի հարձակում սեւծովյան տարածաշրջանում: