Մատչելի հղումներ

‘’ՆԱՏՕ-ն կհարվածի Ռուսաստանին, եթե Պուտինը որոշի սեղմել միջուկային կոճակը’’. Փորձագետներ


«Մեկ դերասանի թատրոն»: Այսպես են մեծաթիվ լրատվամիջոցներ անվանում Ռուսաստանի նախագահի վերջին ելույթը Վալդայի ֆորումում, որտեղ նա նորից խոսում էր միջուկային զենքի մասին: Եվ այսօր մեծաթիվ փորձագետներ են ասում, որ եթե Պուտինը Ուկրաինայում այդ զենքը կիրառելու մտադրություն չունի, ինչո՞ւ է նա շարունակ խոսում տակտիկական միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին։

2013-2016 թվականներին Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, խոսելով

Ուկրաինայում ռուսների անխուսափելի ռազմավարական նոր կորուստների հնարավորության մասին, ասում է, որ միջուկային զինանոցի օգտագործումը կլինի Պուտինի հուսահատության ժեստը մոտալուտ ռազմական պարտության դեպքում:

Բրիդլավը, սակայն, միեւնույն ժամանակ դեռեւս ցանկանում է հավատալ, որ Պուտինը հասկանում է միջուկային զենքի կիրառման ազդեցությունը իր և Ռուսաստանի վրա: ‘’Ռուսաստանն արդեն իսկ սրիկա պետություն է: Սակայն միջուկային զենք կիրառելու դեպքում կարող է կորցնել նույնիսկ իր վերջին դաշնակիցներին: Նրա խոսքերով, այդ դեպքում գինը կլինի աներևակայելի բարձր, և, հետևաբար, Պուտինը ստիպված կարող է շատ ավելի խելամիտ որոշում կայացնել’’:

Վերջին դաշնակիցներին կորցնելու միտքն ընդունում է նաեւ փորձագետ Դեբրա Քեյգանը: Նա կարծում է, որ «Չինաստանը, Հնդկաստանը, Իրանն այժմ հետ են պահում Պուտինին միջուկային զենք օգտագործելուց, քանի որ դա ոչնչացնում է նրանց հավասարակշռությունը: Օրինակ՝ Քաշմիրի հարցում Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հավասարությունը: ‘’Այս երկրների համար զսպումն ավելի կարևոր է, քան կիրառումը’’, ասում է նա:

Պուտինը միջուկային զենքից խուսափելու այլ պատճառներ եւս ունի, ասում են փորձագետները, որոնք հիշեցնում են, որ միջուկային զենքը ստեղծվել է դեռեւս 1940-1950-ական թվականներին: Այն ժամանակ այդ մարտագլխիկները բաց էին թողնվում ոչ մեծ ճշգրտություն ունեցող հրթիռներով, այդ իսկ պատճառով, դրանք պետք է լինեին առավել հզոր ու կործանիչ, որպեսզի թիրախից շատ հեռու ընկնելու դեպքում անգամ, կարողանային վնաս հասցնել այդ թիրախին: Սակայն վերջին տարիներին հատկապես GPS արբանյակային համակարգի կիրառման արդյունքում ճշգրտությունը հասել է բարձր մակարդակի, ինչը խոսում է այն մասին, որ թիրախին կարելի է հարվածել ավելի փոքր հզորության զենքերով: Այսպիսով, ‘’Ուկրաինական պատերազմում միջուկային զենքի օգտագործումը ռազմական տեսանկյունից իմաստ չունի’’, ասում է Բրիդլավը:

Վերլուծաբանները վստահ են, որ Պուտինը, «միջուկային սուսեր»-ի մասին խոսելով, պարզապես ակնարկում է Արեւմուտքի դաշինքը ոչնչացնելու ու Ամերիկային զսպելու մտադրության մասին:

‘’Պետք չէ Պուտինի ամեն ասածին հավատալ։ Նա պարզապես պղտորում է ջրերը՝ իր նպատակներին հասնելու համար’’, ասում է վերլուծաբան Դեբրա Քագանը:

Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը կարծում է, թե Պուտինն ուշադրությամբ հետեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծամասնություն կազմելու նպատակ ունեցող հանրապետականներին և կարծում է, որ կարող է նրանց օգտագործել՝ սասանելու ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն Ուկրաինային: ‘’Նա երբեմն խոսում է «ավանդական արժեքների» մասին, իսկ իրականում նա ԿԳԲ-ի սպա է, և նրա «արժեքները» «ռուսական կայսրության» գաղափարախոսության մեջ են, ասում է նա:

Ջոն Հերբստը կարծում է, որ Ռուսաստանը չի օգտագործի մարտավարական միջուկային զենք, քանի որ Պուտինը լավ գիտի, որ «դրանք մարտի դաշտում չեն կարող էապես ազդել Ուկրաինայի վրա: Նա հիշեցնում է նաեւ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ նման զենք կիրառելու դեպքում «Ռուսաստանի համար հետևանքները չափազանց կործանարար կլինեն»։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե Պուտինի մյուս նպատակն իրենց կառավարության դեմ Ուկրաինայի բնակչությանը ոտքի հանելն է, եվրոպական երկրների աջակցությունից Ուկրաինային զրկելը: ‘’Այդ պատճառով Պուտինն արդեն պայթեցնում է իր սեփական խողովակաշարերը, կտրում է տվյալների փոխանցման լարերը, ոչնչացնում էներգամատակարարման սխեմաները: Նա փորձում է Եվրոպային հետ պահել Ուկրաինային աջակցելուց»:

Իսկ ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Ռուսաստանն այնուամենայնիվ սեղմի միջուկային զենքի կոճակը: Գեներալ Ֆիլիպ Բրիդլավի պատասխանը զուսպ է, սակայն նաեւ` իմաստալից. «Ես չեմ պատրաստվում հրապարակայնորեն խոսել մեր ռազմական հնարավորությունների մասին. սա անառողջ խոսակցություն է’’, ասում է նա ու շարունակում. ‘’Սովորական սպառազինությամբ մենք ունակ ենք անհավատալի մեծ վնաս հասցնել ռուսական զինված ուժերին։ Պուտինն օգտագործում է իր բանակը հարեւանների վրա ճնշում գործադրելու համար. Մենք կարող ենք համոզիչ ու միաժամանակ համաչափ արձագանքել՝ զրկելով նրան նման հնարավորություններից’’, ասում է նա:

Ջոն Հերբստը հիշեցնում է նախկին խորհրդային տարածքում, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամագրված երեք երկրներում իր վերահսկողությունը վերահաստատելու Կրեմլի մտադրությունների մասին: Ուրեմն Ուկրաինայում ռուսների կողմից զանգվածային բնաջնջման զենք կիրառելու դեպքում Կրեմլին ուղղված լավագույն նախազգուշացումը կլինի ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական ուժեղ հարվածը, ասում են փորձագետները, ու շեշտում, որ սա պատերազմ է Ռուսաստանի կողմից ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլ նաեւ ընդդեմ ՆԱՏՕ-ի:

Արամ Վանեցյան

Եվգենի Կոմարով

XS
SM
MD
LG