Ռուսաստանը սկսել է իր ամենամյա միջուկային զորավարժությունները Մոսկվայի կողմից միջուկայն հռետորաբանության պայմաններում, ըստ որի՝ Մոսկվան ակնարկում է Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը: Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Մոսկվային, որ Ուկրաինայի դեմ մարտավարական միջուկային զենքի օգտագործումը «շատ լուրջ սխալ» կլինի։
Ռուսաստանը միջուկային սուզանավերի, ռազմավարական ռմբակոծիչների և բալիստիկ հրթիռների մասնակցությամբ ամենամյա զորավարժություններ է անցկացրել, որոնց նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում էր տեսակապի միջոցով:
Վերջին օրերին Կրեմլն առանց ապացույցների մեղադրել է Ուկրաինային այսպես կոչված «կեղտոտ ռումբով» հարձակումներ ծրագրելու մեջ, որը կարող է զանգվածային մահեր և ռադիոակտիվ աղտոտում առաջացնել:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է նման հարձակմանը և դրա պատասխանատվությունը թողնում Ուկրաինայի վրա, նախագահ Ջո Բայդենը պատասխանել. «Ռուսաստանը աներևակայելի լուրջ սխալ թույլ կտա, եթե օգտագործի մարտավարական միջուկային զենք: Դա լուրջ սխալ կլինի»:
Ըստ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբիի՝ «...Մենք որևէ ազդանշան չենք տեսել, որ ռուսները պատրաստվում են կեղտոտ ռումբ, կամ, անկեղծ ասած, մարտավարական միջուկային զենք կիրառեն»:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը չի հավատում, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ։ «Իմ անձնական կարծիքով նա (Պուտինը) միջուկային զենք չի օգտագործի։ Նրանք (ռուսները) շատ հիմարություններ արեցին։ Բայց նրանք շարունակում են լինել պրագմատիկ»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում անհետաձգելի մարդասիրական օգնության հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսն հայտնել է, որ «համեմատաբար լավատես է», որ ՄԱԿ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը, որը թույլ է տալիս վերսկսել ուկրաինական հացահատիկի սևծովյան արտահանումը, կերկարաձգվի նոյեմբերին: Գրիֆիթսի խոսքով՝ համաձայնությունը բխում է բոլորի տնտեսական շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի:
ՄԱԿ-ն աշխատում է մինչև մեկ տարով երկարաձգել համաձայնագիրը և հեշտացնել նավերի համատեղ ստուգումները ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների կողմից: ՄԱԿ-ը վերջերս հաղորդել է ավելի քան 150 նավերի կուտակման մասին:
Հացահատիկի համաձայնության փաթեթը շատ կարևոր է զարգացող երկրների համար, քանի որ Ռուսաստանի սկսած պատերազմն Ուկրաինայում շարունակվում է արդեն 9 ամիս։