Adidas-ը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ՝ ամերիկացի ռեփերի և դիզայների վիրավորական պահվածքի հետևանքով:
Ուեսթի Twitter-ի և Instagram-ի էջերը նույնպես սահմանափակվել են, քանի որ նրա որոշ հրապարակումներ համարվել են հակասեմական: Ռեփերը նաև աղմուկ է բարձրացրել՝ այլ հայտնիների դեմ ուղղված պոռթկումներով:
Adidas-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը չի կարող հանդուրժել հակասեմիտիզմ կամ որևէ այլ տեսակի ատելության խոսք: Հայտարարութունը նշանակում է, որ ընկերությունը կդադարեցնի Ուեսթի հայտնի Yeezy-ի հետ կապված ապրանքների համագործակցությունն ու արտադրությունը: Adidas-ը հայտնել է, որ Ուեսթի հետ կապը վերանայել է այս ամսվա սկզբին, քանի որ մասնավոր պայմաններում խնդիրները լուծել չի կարողացել:
Instagram-ի այժմ ջնջված գրառումներում, ռեփերը մեղադրել է Adidas-ին իր Yeezy շարքի համար խոստացված խանութները չբացելու և իր դիզայնը գողանալու մեջ։
Մինչ 2013 թվականի Adidas-ի հետ պայմանագրի կնքումը, Քանյե Ուեսթը համագործակցում էր նրանց մրցակից՝ Nike ընկերության հետ: Այժմ Ռեփերի Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների գինը մինչև 700 դոլար է: Կոշիկները Adidas ընկերության համար տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի վաճառք էին բերում:
Երեքշաբթի օրը, հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո՝ Adidas-ի բաժնետոմսերը Եվրոպայում նվազել են մոտ 5%-ով:
Հոդվածը պատրասատվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: