Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան բախվում է երկրի գլոբալ պատկերը վերականգնելու մարտահրավերին՝ քաղաքական քաոսի պայմաններում


Մեծ Բրիտանիան վերջին յոթ շաբաթվա ընթացքում արդեն ունի իր երրորդ նոր վարչապետը:

«Միացյալ Թագավորությունը այժմ խորը տնտեսական մարտահրավերի առաջ է: Մեզ հիմա կայունություն և միասնություն է պետք»,- հայտարարել է Սունակը:

Վերլուծաբաններն ասում են, որ Սունակը մեկ կարևոր առաջնահերթություն ունի:

«Նա պետք է համոզի միջազգային ֆինանսական շուկաներին, որ Բրիտանիան կրկին խելամտորեն է կառավարվում»,- Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից Թոնի Թրավերսը

Սունակը երկրի ֆինանսների նախարարն էր նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք, ով կիրակի օրը հրաժարվեց ընտրություններում թեկնածության առաջադրումից՝ իր կարիերան վերակենդանացնելու կարճատև ջանքերից հետո:

Լիզ Թրասը ընտրվել էր սեպտեմբեր ամսին՝ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնին փոխարինելու ընտրություններում: Սակայն նա հրաժարական տվեց անցյալ շաբաթ, երբ հարկերի կրճատման իր ծրագիրը աավելի բարձրացրեց կառավարության փոխառությունների ծախսերը:

Ռիշի Սունակը, ով Թրասին պարտվել էր նախորդ առաջնորդական արշավում, երկուշաբթի օրը ստացավ պահպանողական օրենսդիրների մեծամասնության աջակցությունը:

«Դա իսկապես խայտառակություն էր և միջազգային հարթակում Բրիտանիաին ծաղրանքի արժանացրեց»,- կիսվել է Chatham House-ից Քվենթին Փիլը:

Շատ բրիտանացիներ ասում են, որ կայունություն են ուզում:

«Մենք պետք է կարգավորենք այս ամենը: Իսկապես ամոթ է: Եթե նայենք արտասահմանյան մամուլին, մենք ծիծաղի առարկա ենք դարձել»,- նշել է Լոնդոնի բնակիչ Քիթ Դարգը:

Եվրամիությունից դուրս գալու քվեարկությունից հետո, վերջին վեց տարիների ընթացքում Բրիտանիան ունեցել է հինգ վարչապետ։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական ցնցումների գլխավոր պատճառը եղել է Brexit-ի որոշումը, ինչի մասին շատ չի խոսվել ՔՈՎԻԴ-ի և Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի հետևանքով: Եվրամիությունից դուրս գալն իսկապես վնաս է հասցրել բրիտանական տնտեսությանը»,- հավելել է Փիլը:

Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության մակարդակով, Բրիտանիան զիջում է միայն ԱՄՆ-ին։ Այդ աջակցությունը շարունակելը կարևոր է Բրիտանիայի գլոբալ իմիջը վերականգնելու հարցում, պնդում է Փիլը:

«Պետք է աջակցել Ուկրաինային՝ նրանց տալով հնարավոր ամբողջ օգնությունը, որպեսզի նրանք չպարտվեն Ռուսաստանի հետ այս պատերազմում։ Նաև անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Եվրամիության մնացած երկրների հետ»,- պնդել է Փիլը

Եթե գնաճը շարունակի 10 տոկոսից բարձր լինել և երկրում շարունակվի կանխատեսվող տնտեսական անկումը, ապա Սունակի քաղաքական մեղրամիսը, հավանաբար, կարճ կտևի:

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիջվելի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG