Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, ինչպես նաև ռազմական դրոներ տրամադրում Ռուսաստանին: Այս հարցերը վերլուծաբանների քննարկման կենտրոնում են
Վերջին շրջանում Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում ու մասնավորապես Հարավային Կոովկասում: Այս օրերին Իրանի զինված ուժերը, ըստ իրանական լրատվամիջոցների, զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: Զորավարժությունների ծրագիրը ներառում է Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու և ռազմավարական դիրքեր գրավելու տեխնիկան:
Ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet» առցանց պարբերականի՝ «Իրանի զինված ուժերը «զանգվածային» զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին» իր հոդվածում մեջբերում է իրանցի ռազմական վերլուծաբան Հոսեյն Դալիրանի թվիթերյան գրառումը, ուր նշվում է, որ «զորավարժությունները ի ցույց են դնում զինված ուժերի վճռականությունը՝ դիմակայելու ցանկացած ռեժիմի, որը ցանկանում է խզել Իրանի ցամաքային կապը Հայաստանի հետ»:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 21-ին բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Վերջինս պաշտոնական այցով այս օրերին Հայաստանում է: Իր այցի ընթացքում Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»՝ շեշտելով՝ որ Թեհրանի քաղաքականությունը հիմնվում է տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման վրա: Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և Թեհրանը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել` տարանցիկ այս ուղին զարգացնելու համար:
Դրա հետ մեկտեղ, Իրանի արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը քննադատել է եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ ընդգծելով. «Իրանը մերժում է եվրոպական ռազմական ներկայությունը տարածաշրջանում անկախ պատրվակից»: Ըստ Ջոշուա Կուցերայի՝ «եվրոպական ռազմական ներկայություն» ասելով Թեհրանը նկատի ունի ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որը մի շարք մտավախություններ է առաջացրել Թեհրանում: Քառասուն դիտորդներից բաղկացած առաքելությունը, Հայաստան ժամանելուն պես, անցել է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանը:
Դրա հետ մեկտեղ, իրանական դրոնների թեման քաղաքական լուրջ հետևանքներ է առաջացրել Թեհրանի՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի մի քանի զինվորականների և մարտական անօդաչու թռչող սարքերն արտադրող ընկերության նկատմամբ, որին միացել է նաև Մեծ Բրիտանիան: Պատճառը՝ Թեհրանի կողմից Մոսկվային ռազմական անօդաչու թռչող սարքերի տրամադրումն է, որոնք հարվածում են ուկրաիանական քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, որին զոհ են գնում տասնյակ խաղաղ բնակիչներ։
Ռուսաստանն ու Իրանը հերքում են, որ Ուկրաինայում ռուսական բանակը օգտագործում է իրանական «Շահեդ-136» դրոնը: Կրեմլը լրագրողներին վստահեցնում է, որ «օգտագործվում է ռուսական տեխնիկա՝ ռուսական անուններով», իսկ Թեհրանը փորձում է Արևմուտքին և Ուկրաինային ապացուցել, որ ոչինչ չի մատակարարում Մոսկվային։
ԱՄՆ-ի և ԵՄ-ն արձագանքը միանշանակ են՝ Թեհրանն ու Մոսկվան ստում են: Կան բավարար ապացույցներ՝ Իրանի կողմից Ռուսաստանին կամիկաձե դրոներ տրամադրելու մասին:
Իր հերթին ԱՄՆ-ն այս կապակցությամբ զգուշացրել է Իրանին հնարավոր պատժամիջոցների մասին:
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնել Ռուսաստանի կողմից Իրանից անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման կապակցությամբ, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է նաև, որ Միացյալ Նահանգներին հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները տեղակայվել են Ղրիմում՝ օգնելու համար ռուսական կողմին գործածել իրանական դրոները: Ամերիկյան կողմը չի բացառում, որ դրանց մատակարարումները ՌԴ-ին կշարունակվեն:
Վերլուծաբանները քննարկում են Իրանի ներգրավվածությունը ուկրաինական պատերազմում: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ատլանտյան խորհրդի փորձագետ Բարբարա Սլավինը պնդում է, որ Թեհրանը որևէ իրական օգուտ չի տեսնում միջուկային համաձայնագրի հեռանկարից, ուստի իր ապագան կապում է «պատժամիջոցների ենթարկված երկրների կոալիցիայի», ներառյալ Ռուսաստանի և Չինաստանի հետ:
«Ռեժիմը իրականում այրում է իր կամուրջները եվրոպացիների հետ, ճնշում բողոքի ցույցերը երիտասարդ կնոջ մահից հետո, կամուրջներ այրում ամբողջ ժողովրդավարական աշխարհի հետ, բայց կարծես թե դա նրանց չի հետաքրքրում: Նրանք պարզապես գնում են այս ճանապարհով»,- նշում է նա:
Իր հերթին Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Մարկ Կացը «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հետ զրույցում առաջ է քաշում Իրանի այս պահվածքի երկու հնարավոր պատճառներ. ըստ վերլուծաբանի՝ Իրանը հույսեր է փայփայում, որ ԵՄ, ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո, կօգտվի իրանական էներգակիրներից: Մյուս հնարավոր պատճառն էլ այն է, որ Թեհրանը վախենում է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պարտությունից։
«Եթե Ռուսաստանը պարտվի, ապա հնարավոր կլինի խոսել նրա ազդեցության ուժեղ նվազման մասին: Ռուսաստանը չի կարողանա շարունակել իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, և չի կարողանա այսպիսով օգնել Իրանին: Իրանին պետք չէ, որ Ռուսաստանը օկուպացնի Ուկրաինան, այն պարզապես չի ցանկանում, որ Ռուսաստանը պարտվի»,- գտնում է Կացը։
Մարկ Կացի խոսքով, «իրանցիները փորձում են ավելի ակտիվ լինել, քան Չինաստանը, որը զենք չի տրամադրում Մոսկվային: Ըստ նրա, Պեկինը ակնհայտորեն չի օգնի նաև Իրանին Արևմուտքի հետ վերջիինիս հարաբերությունների վատացման դեպքում: «Այնպես որ, լիովին միասնական հակաարևմտյան դաշինքի մասին խոսելն անտեղին է, եզրակացնում է Կացը:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության լրագրող Դանիլա Գալպերովիչի, Reuters գործակալության և Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա