Փհենյանը կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները մեղադրել է Չինաստանին և Ռուսաստանին Կիմ Չեն Ընի հյուսիսկորեական ռեժիմի հետ դե ֆակտո համագործակցության մեջ: Վաշինգտոնը գտնում է, որ վերջիններս պաշտպանում են Փհենյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ խոչընդոտելով Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացումը։
«Հյուսիսային Կորեան վայելում է այս խորհրդի երկու անդամների լիարժեք պաշտպանությունը», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Մի խոսքով, Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամները քաջալերում են Կիմ Չեն Ընին»:
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 երկրներից, նիստ գումարեց Հյուսիսային Կորեայի հարցով այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը միջուկային զենք ունեցող Փհենյանը փորձարկեց բալիստիկ հրթիռ, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ արձակվեց Ճապոնիայի օդային տարածքի վրայով: Արդյուքում տեղի բնակչությունը ստիպված էր ապաստ գտնել ռմբակոծության դեմ ապաստարաններում:
Չինաստանն ու Ռուսաստանը չեն ցանկացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ պատճառաբանելով, որ դա չի օգնի մեղմել իրավիճակը։
Չորեքշաբթի օրը կայացած նիստից հետո Անվտանգության խորհրդի ինը անդամներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Բրազիլիան, Հնդկաստանը, Իռլանդիան, Նորվեգիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ հայտարարությամբ դատապարտեցին Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը:
ՄԱԿ-ում Չինաստանի փոխդեսպան Գենգ Շուանգն ասել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է կառուցողական դեր խաղա՝ «բացառապես կոշտ հռետորաբանության կամ ճնշման վրա հույս դնելու փոխարեն»:
«Քննարկումները պետք է նպաստեն լարվածության անկմանը, այլ ոչ թե սրմանը: Նրանք պետք է նպաստեն երկխոսության վերսկսմանը, ոչ թե խորացնեն տարաձայնությունները, ամրապնդեն միասնությունը, չստեղծեն հակասություններ»,- ասաց նա։
Մայիսին Չինաստանը և Ռուսաստանը վետո դրեցին Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների փորձարկումները վերսկսելու հետ, մի քայլ, որը հրապարակայնորեն պառակտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2006 թվականից ի վեր:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան Անվտանգության խորհրդին ասել է, որ «ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը փակուղի է», որը կհանգեցնի «զրոյական արդյունքի»։
«Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մեխանիզմները պետք է օգտագործվեն միջկորեական երկխոսությանն ու բազմակողմ բանակցություններին աջակցելու համար, այլ ոչ թե խոչընդոտ դառնան դրանց համար»,- ասել է նա։
Անվտանգության խորհուրդը տարիներ շարունակ արգելել է Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումներ անցկացնել և արձակել բալիստիկ հրթիռներ՝ խստացնելով Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները՝ այսպիսով փորձելով դադարեցնել այդ ծրագրերի ֆինանսավորումը:
Վերջին տարիներին վետո ունեցող Չինաստանը և Ռուսաստանը առաջարկել են մեղմացնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ հումանիտար նպատակներով և կոչ անել Փհենյանին վերադառնալ փակուղի ունեցող միջազգային բանակցություններին, որոնց նպատակն է համոզել Կիմ Չեն Ընին հրաժարվել միջուկային զենքից:
Չինաստանն ու Ռուսաստանը մեղադրում են ԱՄՆ-ին և Հարավային Կորեային Փհենյանին համատեղ զորավարժությունների միջոցով սադրելու մեջ։ Թոմաս-Գրինֆիլդը հերքել է այս մեղադրանքները՝ ասելով, որ «երկու գործողությունները համարժեք չեն միմյանց»:
Չնայած մի շարք երկրների դատապարտմանը, Հյուսիսային Կորեայի ռեժիմը հինգշաբթի օրը ևս երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին:
Հրթիռի արձակումը վեցերորդն էր վերջին 12 օրվա ընթացքում։ Դրա մասին հայտարարել են Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ շտաբը և Ճապոնիայի կառավարությունը։
Արձակումը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան դատապարտեց Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Կորեայի ժողովրդական բանակի արդարացի պատասխանը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին» քննարկելու համար:
Հյուսիսային Կորեան նաև դատապարտել է Վաշինգտոնին Կորեական թերակղզու ջրեր ամերիկյան ավիակիր տեղափոխելու համար՝ ասելով, որ դա լուրջ վտանգ է ներկայացնում իրավիճակի կայունության համար։
Ամերիկյան USS Ronald Reagan ավիակիրը և նրան ուղեկցող ռազմանավերի հարվածային խումբը անսպասելիորեն հայտնվել են այնտեղ այն բանից հետո, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ զինված ուժերը հրթիռային զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայից դեպի արևելք ընկած հատվածում:
Հոդվածը պատրաստվել է «Reuters» գործակալության նյութի հիման վրա