Մատչելի հղումներ

''Թուրքիայի ագրեսիան ընդդեմ Հունաստանի տարածքների, կկանգնեցվի'', ասել է Հունաստանի վարչապետը


Հունաստանը նախազգուշացնում է, որ պատրաստ է օգտագործել իր դիվանագիտական և ռազմական ողջ հզորությունն ու կարողությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը իր պատմական թշնամի Թուրքիայի թշնամական ծրագրերից: Այս ուղիղ նախազգուշացումով Աթենքը հանդես է գալիս Լիբիայի հետ Թուրքիայի կնքած վերջին վիճահարույց էներգետիկ գործարքից հետո:

Ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիային խորհուրդ է տվել վերադառնալ, իր խոսքերով ասած, ‘’տրամաբանության տիրույթ’’։ Հակառակ դեպքում, նախազգուշացրել է նա, ‘’Հունաստանի տարածքների նկատմամբ Անկարայի աճող ագրեսիան և ծրագրերը կկանգնեցվեն’’:

Հույն առաջնորդի խոսքերով, աշխարհագրությունը չի փոխվում այն խեղաթյուրելու որոշումներով: ‘’Հունաստանի ռազմական ուժերը պատրաստ են պաշտպանել այս տարածքները’’, ասել է:

Միցոտակիսի այս ելույթը բուռն ծափահարություններով են ողջունել խորհրդարանի պատգամավորները, որից հետո վարչապետը շտապել է հանդիպելու Հունաստանում ԱՄՆ-ի դեսպանին և ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը:

Հունաստանն ու Թուրքիան վաղեմի թշնամիներ են: Սակայն մյուս կողմից նրանք նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են: Երկուսի միջեւ հարաբերությունները անցած տասնամյակների ընթացքում մի քանի անգամ են սառել ու նորից ջերմացել հիմնականում ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունների պատճառով:

Հունաստանին այժմ անհանգստացնում է Լիբիայի մրցակից երկու կառավարություններից մեկի հետ Թուրքիայի վերջերս կնքած համաձայնագիրը, որն Անկարային էներգետիկ համագործակցության հնարավորություն է ընձեռում ջրային այն հատվածներում, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն Հունաստանը և այլ երկրներ, այդ թվում` Եգիպտոսը և Կիպրոսը:

Թուրքիան, ի դեպ, այս գործարքը կնքում է այն ժամանակ, երբ Էգեյան ծովում իր սահմանների մոտ Հունաստանն ավելացնում է իր զորքերի թվաքանակը և ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղակայումը: Գործողություններ, որոնց մասին Անկարան վերջերս բողոքել էր Վաշինգտոնին: Թուրք պաշտոնյաները հունական կողմից նոր տեղակայումն անվանել են ՆԱՏՕ-ի անդամի թշնամական քայլ և զգուշացրել են, որ Թուրքիան նույնպես կմոբիլիզացնի իր զինված ուժերը՝ ի պատասխան: Նախագահ Էրդողանը վերջին մի քանի օրերին ավելի հեռուն գնաց, երբ հայտարարեց, թե Էգեյան ծովում գտնվող այդ կղզիները չեն պատկանում Հունաստանին: Դրանից հետո էր, որ Աթենքը սկսեց զինված ուժերի կուտակումներ այստեղ:

Եվրամիությունը քննադատում է Թուրքիային այս դիրքորոշման համար: Վաշինգտոնն էլ Թուրքիայի հետ ունի լուրջ խնդիրներ այն պատճառով, որ վերջինս հրթիռային համակարգեր է գնում Ռուսաստանից: ՆԱՏՕ-ի երկրների կարծիքով, սա վտանգի տակ է դնում դաշինքին:

Վերլուծաբան Ջորջ Ցոգոպուլոսի խոսքերով, «Վաշինգտոնում Թուրքիան վստահելի գործընկեր չի համարվում, ի հակադրություն Հունաստանի, որը շատ վստահելի գործընկեր է Հյուսիսատլանտյան դաշինքում: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող ներխուժումից հետո ԱՄՆ-ն ավելի սերտորեն համագործակցում է վստահելի գործընկերների հետ: Եվ դա սրում է Թուրքիայի կողմից ագրեսիվ հռետորաբանությունը’’, ասում է նա:

Եվրոպայում կա հույս, ասում է նա, որ իրավիճակը կզսպվի: Ցոգոպուլոսն էլ նախազգուշացնում է, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է դառնալ շատ վտանգավոր:

‘’Եթե Թուրքիան շարունակի բռնած ուղին, վտանգի տակ կդնի ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևի համախմբվածությունը: Մի բան, ինչն ուրախությամբ կընդունվի Մոսկվայում’’, ասում է վերլուծաբանը:

Աթենքի դիվանագիտական աղբյուրները «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մոտ օրերս ծրագրում են այցելել Մերձավոր Արևելք՝ փորձելով տապալել Լիբիայի հետ Թուրքիայի էներգետիկ վերջին պայմանագիրը, նախքան Անկարան ջրային վիճելի տարածքներ կուղարկի հորատման նավեր:

Արամ Վանեցյան

Անթի Կարասավա

XS
SM
MD
LG