Հետախուզությունն ասում է, որ Պեկինը փորձում է ազդել առանձին քարոզարշավների վրա, մինչդեռ Ռուսաստանը պառակտող թեմաներ է քննարկում ամերիկյան հանրության շրջանում։
ԱՄՆ դաշնային պաշտոնյաները նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ զգուշացրել են, որ Ռուսաստանն աշխատում է մեծացնել կասկածներն ամերիկյան ընտրությունների ամբողջականության վերաբերյալ, մինչդեռ Չինաստանը շահագրգռված է խաթարել այն ամերիկացի քաղաքական գործիչների դիրքերը, որոնց Պեկինը դիտարկում է որպես սպառնալիք իր շահերին:
Ամերիկյան հետախուզության չգաղտնազերծված հաղորդագրությունում, որը վերջերս ստացվել է Associated Press-ի կողմից, ասված է, որ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, ձգտում է ազդել առանձին նախընտրական քարոզարշավների վրա՝ «խափանելու համար այն թեկնածուներին, որոնք հատկապես թշնամաբար են ընկալվում Պեկինի կողմից»:
Սեպտեմբերի կեսերին նահանգային և մունիցիպալ պաշտոնյաներին ուղարկված խորհրդատվություններում հետախուզության պաշտոնյաներն ասում էին, որ կարծում են, որ Պեկինը ավելի քիչ ռիսկ է տեսնում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին միջամտելու մեջ, քան նախագահական ընտրություններին:
Թեև պաշտոնյաներն ասում են, որ չեն հայտնաբերել ԱՄՆ ընտրական համակարգի համար արժանահավատ սպառնալիքներ, հետախուզության նախազգուշացումը հնչում է նախընտրական քարոզարշավի գագաթնակետին, երբ աճում է թեկնածուների և ընտրողների թիվը, որոնք բացահայտորեն անվստահություն են հայտնում երկրում ժողովրդավարական գործընթացներին:
Ռուսաստանը հրահրում է համացանցում արդեն շրջանառվող պառակտիչ թեմաներ, այդ թվում՝ կասկածներ ամերիկյան ընտրությունների ամբողջականության վերաբերյալ, բայց չի ստեղծում իր սեփական բովանդակությունը, ասել է ՀԴԲ-ի բարձրաստիճան պաշտոնյան, ով ցանկացել է չհրապարակել իր անունը լրագրողների հետ զրույցում:
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա