Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, Ռուսաստանը «չորս նոր շրջաններ» ունի: Այս մասին հայտարարությամբ նա հանդես եկավ ոչ թե Կարմիր հրապարակի բեմից, որը հատուկ կառուցվել էր Ուկրաինայից մասնակիորեն գրավված չորս շրջանները Ռուսաստանին կցելու արարողության համար, այլ Կրեմլից, ինչպես փորձագետներն են ասում, ավելի ապահով լինելու նպատակով: Այս մասին է հաղորդում ''Ռոյթերս'' գործակալութունը:
Պուտինը Կիևին կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ պնդելով, որ դա «խաղաղության միակ ճանապարհն է»:
Հիշեցնենք, որ այս արարողությունը տեղի է ունենում հապճեպ կազմակերպված հանրաքվեների ավարտից երեք օր անց, երբ օկուպացված շրջաններում Մոսկվայի վստահված անձինք պնդում են, որ այստեղ բնակվող մարդկանց մինչև 99%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Սակայն Արեւմուտքն այդ քվեարկությունը որակում է որպես կեղծ, անօրինական եւ զենքի սպառնալիքով անցկացված գործողություն: Իսկ այս տարածքներից հեռացած բնակիչներն ասում են, որ իրենք ոտքի ենք կանգնելու մինչև վերջ։ ‘’Նույնիսկ մենք՝ տարեցներս, եթե ստիպված լինենք, կգնանք պաշտպանելու Ուկրաինան»,- ասում են նրանք: Նրանք չեն հավատում, որ իրենց երկրի որեւէ մաս ի վերջո կդառնա ռուսական: «Դա անհեթեթություն է, պարզապես թղթի կտոր, որը չունի որևէ իրավական նշանակություն», - ասում են նրանք:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ ուրբաթ օրը հանդիպում է ունեցել պաշտպանության և անվտանգության նախարարների հետ` խոստանալով ուժեղ պատասխան տալ ռուսներին հատկապես այս կրեմլյան եւ կարմիրհրապարակյան արարողություններին ի պատասխան:
Կիեւը, որը շարունակում է ստանալ Արեւմուտքի ոչ միայն բարոյական, այլ նաեւ ռազմական աջակցությունը, մերժում է Մոսկվայի հետ որեւէ բանակցություն, եւ խոստանում, որ Ռուսաստանից հետ է գրավելու կորսված բոլոր տարածքներն այնպես, ինչպես դա անում էր վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ ազատագրեց մոտ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Ուկրաինային մի քանի օրում ծնկի բերելու հավատով պատերազմը սկսած եւ այժմ կոտրակ տաշտակից ոչ շատ հեռու գտնվող Պուտինը, տոգորված Արեւմուտքի դեմ ընդգծված ատելությամբ, ուզում է հավատալ ու ժողովրդին հավատացնել, որ չի լինելու արեւմտյան հեգեմոնիա: Այդ պատճառով նա խոսում է ոչ թե իր երկրի ժողովրդի բարեկեցության, այլ Արեւմուտքին մերժելու եւ ‘’անծայրածիր’’ իր երկրիին հավելյալ տարածքներ ‘’կպցնելու’’ կարեւորության մասին:
Կրեմլն այժմ հայտարարում է, որ այս տարածքների դեմ ռազմական որեւէ գործողություն կդիտվի որպես գործողություն ընդդեմ ռուսական հողի: Այս եղանակով Պուտինը ցանկանում է Արեւմուտքին հեռու պահել այս տարածքների դեմ իր զենքը կիրառելու հնարավորությունից:
Եվ հիմա, ասում են փորձագետները, Արեւմուտքը պիտի ապացուցի, որ ոչ միայն չի ճանաչում այս տարածքների բռնակցումը, այլ նաեւ շարունակում է այս տարածքները հետ վերցնելու հարցում Ուկրաինային պաշտպանել ռազմական իր օժանդակությամբ:
Չէ որ խոսքը տարածքային ամբողջականության սկզբունքի մասին է, ինչը չպաշտպանելու դեպքում, կարող է դառնալ առիթ այլ պատերազմներ սկսվելու համար: