ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը սկսել է ասիական երկրներում պաշտոնական շրջագայություն: Հարիսը մի քանի օր կանցկացնի Հարավային Կորեայում և Ճապոնիայում` Արևելյան Ասիայի երկու երկրներ, որոնք Բայդենի վարչակազմը համարում է տարածաշրջանում որպես կարևորագույն դաշնակիցներ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը երեքշաբթի օրը հարգանքի տուրք է մատուցեց Ճապոնիայի նախկին առաջնորդ Սինձո Աբեի հիշատակին։ Իր այս այցը նա համարում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի սերտ աջակցության դրսեւորում, երբ այստեղ իր ազդեցությունն է շարունակում մեծացնել Չինաստանը:
‘’Այս համագործակցությունը բխում է ասիական այս երկների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերից` հանուն անվտանգության և բարգավաճման’’, ասել է նա:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի հանձնառությունը շեշտելու նպատակով Հարիսը հինգշաբթի օրն այց է կատարելու նաեւ երկու Կորեաները միմյանցից բաժանող Ապառազմականացված գոտի: Մի բան, որն արժանանում է Հյուսիսային Կորեայի դժգոհությանը: Հիշեցնենք, որ վերջին անգամ այստեղ 2019 թվականին այց էր կատարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանն է ասում, «Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկանա, որ վերջին 30 տարիների ընթացքում ԿԺԴՀ-ի դեմ իր նողկալի և թշնամական քաղաքականությունն է դարձել այսօրվա իրականության պատճառ, եւ Միացյալ Նահանգների պատճառով է, որ ԿԺԴՀ-ը ընդունել է միջուկային ուժերի քաղաքականության մասին օրենք»:
Հյուսիսային Կորեային ակնհայտորեն դուր չի գալիս ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջեւ մտերմությունը։
Ճապոնիայում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի նախագահ Քրիս Ջոնսթոնի խոսքերով.’’Հյուսիսային Կորեան այս կապակցությամբ դժգոհություն է հայտնել, ինչն արտահայտել է ևս մեկ բալիստիկ հրթիռի փորձարկումով’’:
Վերլուծաբաններն ասում են, որ իրենք չեն ակնկալում քաղաքական հայտարարություններ այս ուղևորությունից, որի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպելու է Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին: Սակայն Ջոնսթոունի խոսքերով, Հարիսի այցն արդեն իսկ հատուկ մի առաքելություն է նշանակում:
‘’Կարծում եմ, որ նրա հիմնական նպատակներից մեկը վարչապետ Կիսիդային և նախագահ Յունին հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ավելի սերտացնելու նպատակով խրախուսելն է’’, ասում է նա:
ԱՄՆ-ի առաջին կին փոխնախագահի այցը նախատեսում է նաեւ հանդիպումներ երկու երկրների ամենաբարձրաստիճան կին պաշտոնյաների հետ: Սակայն այս շրջագայության գլխավոր կանգառն իհարկե Ապառազմականացված գոտի կատարելիք այցն է, որը գտնվելով Փհենյանից միայն 38 կիլոմետր հեռավորության վրա, կորեական եռացող ու շարունակվող հակամարտության կիզակետն է:
Քամալա Հարիսը Ճապոնիայում տեղակայված ամերիկացի ծովայինների հետ չորեքշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ դատապարտել է Չինաստանի «մտահոգիչ» գործողությունները: Նրա այս խոսքերը հնչում են մի քանի օր այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել Թայվանին` ընդդեմ Չինաստանի: