Մատչելի հղումներ

Դաղստանում մոտ 90 մարդ է բերման ենթարկվել զորահավաքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ 


Մախաչկալայում մի քանի հարյուր մարդ դուրս է եկել փողոց

Դաղստանում վերսկսվել են ինքնաբուխ ցույցերը՝ ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի համար զորահավաքի։ Ձերբակալվել է մոտ 90 մարդ, որոնցից 70-ը Մախաչկալայում, մոտ 20-ը՝ Խասավյուրտում, հայտնում է Kavkaz.Realii-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Մախաչկալայում մի քանի հարյուր մարդ դուրս է եկել փողոց։ Շուտով ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել։ Շուրջ 20 մասնակիցներ բերման են ենթարկվել։

Ավելի ուշ ոստիկաններն ու Ազգային գվարդիան շրջափակել են Լենինի հրապարակը, ուր ընթանում էր բողոքի ակցիան և ընտրովի բերման են ենթարկել երիտասարդներին՝ ստուգելով նրանց հեռախոսները և պարզելով, թե արդյոք նրանք տեսագրել են բողոքի ցույցերը, հաղորդում է «Չեռնովիկ»-ը։

Խասավյուրտում հանրահավաքին մասնակցել է մոտ երկու հարյուր մարդ։ Ոստիկանությունը փորձել է իրականացնել ձերբակալություններ, սակայն հանդիպել է ցուցարարների դիմադրությանը: Ոստիկանության բաժանմունքում են հայտնվել նաև Նովոյե Դելո թերթի լրագրող Իդրիս Յուսուպովը և RusNews հրատարակության գլխավոր խմբագիր Սերգեյ Այնբինդերը։ Վերջինս պատմել է, որ ձերբակալության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել, իսկ սարքավորումները խլել են։ Ծեծի են ենթարկվել նաև մյուս ցուցարարները, ովքեր նրա հետ գտնվել են նույն ավտոմեքենայում։

Բողոքի ակցիաներ են սկսվել նաև Նալչիկում։ Ցուցարարներին միացել են տեղի պաշտոնյաները։ Նրանք հրաժարվել են պատասխանել հարցերին, թե քանի մարդ է մոբիլիզացվելու հանրապետությունից։

Սեպտեմբերի 25-ին Մախաչկալայում տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ընդդեմ ուկրաինական պատերազմի համար զորահավաքի, որի մասնակիցների թվում եղել են բազմաթիվ կանայք։ Բերման է ենթարկվել մոտ 120 մարդ։ Նրանցից ութը քրեական պատասխանատվության են ենթարկվել։

Նույն օրը Դաղստանի Խասավյուրթ շրջանի Էնդիրեյ Կումիկ գյուղում տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ մոբիլիզացիայի։ Դատելով ցանցում հրապարակված տեսանյութից՝ դրան մասնակցել է հարյուրից ավելի մարդ, իսկ ոստիկանները օդ կրակ են բացել։ Սեպտեմբերի 25-ին մոտ երկու տասնյակ կանայք հավաքվել էին նաև Նալչիկի կառավարության շենքի դիմացի հրապարակում՝ բողոքելով զորահավաքի դեմ։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրում Ուկրաինայի պատերազմի համար բնակչության զորահավաք և համապատասխան հրամանագիր ստորագրել։ Նախագահն այն անվանել է մասնակի, սակայն հրամանագրի բաց մասում զորահավաքի ծավալների ոչ մի չափանիշ չի սահմանվել։

XS
SM
MD
LG