Մատչելի հղումներ

Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը աղետալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար. ԱՄՆ


ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ եթե Մոսկվան դիմի միջուկային գործողությունների, ապա ԱՄՆ-ն պատրաստ կլինի դիմելու վճռական պատասխանի։

Սալիվանը նման խոսքերով հանդես եկավ այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 300,000 զինվորականների զորակոչելու մասին` միաժամանակ սպառնալով օգտագործել, իր խոսքերով ասած, «բոլոր հասանելի միջոցները» Ռուսաստանի պաշտպանության համար:

«Եթե Ռուսաստանը հատի այդ գիծը, դրա հետևանքները կլինեն աղետալի: ԱՄՆ-ը խստորեն կպատասխանի»,- ասել է Սալիվանը NBC-ին տված հարցազրույցում։

Թե որն է այդ ‘’ուժեղ պատասխանը’’, կիրակի օրն անցկացված հարցազրույցի ժամանակ Սալիվանը չմանրամասնեց: Նա ասաց միայն, որ ԱՄՆ-ն Մոսկվային մանրամասն կերպով է ասել, թե դա ինչ է նշանակում:

«Պուտինը դեռևս չի հրաժարվել Ուկրաինայի ժողովրդին վերացնելու իր մտադրությունից: Հետևաբար, ենթադրում ենք, որ նա կշարունակի պատերազմը, իսկ մենք էլ պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել զենք, զինամթերք, հետախուզական տվյալներ», - ասել է Սալիվանը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ում խոսքերով, ԱՄՆ-ը հրապարակայնորեն և մասնավոր կերպով Ռուսաստանին հասկացրել է «դադարեցնել ուկրաինական հակամարտությունում միջուկային զենքի մասին խոսակցությունները»: «Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզնից լսի և մեզնից իմանա, որ հետևանքները սարսափելի կլինեն: Մենք դա շատ պարզ ենք ասել», - նշել է Բլինքենը CBS News-ի «60 րոպե» շոուին տված հարցազրույցում: ‘’Միջուկային զենքի օգտագործումը «աղետալի ազդեցություն կունենա այն երկրի համար, որն օգտագործի դրանք’’, ասել է:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատմել է, թե ինչպես են ռուսները ստիպում գրավյալ հատվածներում անցկացվող հանրաքվեների ժամանակ այստեղ բնակվող ուկրաինացիներին քվեարկել հօգուտ Ռուսաստանին միանալուն: «Պուտինը գիտի, որ պարտվում է պատերազմում», - ասել է Զելենսկին ու ավելացրել, որ այդ պատճառով էլ նա փորձում է իր ժողովրդի համար գտնել ինչ որ արդարացումներ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են մասնակցել քվեարկությանը, խիստ հաշվեհարդարի են ենթարկվում ռուսական ուժերի կողմից, ասել է Զելենսկին։

Զելենսկին հայտնել է մտավախություն, որ անելանելի այս վիճակում Պուտինի Ռուսաստանը կարող է դիմել միջուկային զենքի: ‘’Նա ցանկանում է վախեցնել ողջ աշխարհին։ Սրանք նրա միջուկային շանտաժի առաջին քայլերն են։ Չեմ կարծում, որ նա բլեֆ է անում», ասել է Զելենսկին: «Սակայն աշխարհը դեռեւս զսպում է նրան ու պետք է շարունակի այդ ճնշումները, թույլ չտալու համար միջուկային զենքի կիրառում:

Ուկրաինացիները միասնական են ընդդեմ Պուտինի՝ «նույնիսկ ավելի միասնական, քան Խորհրդային Միությունից անկախանալուց հետո անցած 31 տարիների ընթացքում որեւէ ժամանակ», ասել է Ուկրաինայի նախագահն ու ավելացրել, որ ռուսները ցանկանում են ներսից ապակայունացնել Ուկրաինան, ինչը նրանց երբեք չի հաջողվելու, քանի որ ‘’ուկրաինացիների միասնականության պատնեշը շատ է ամուր’’:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Ռուսաստանում զորակոչված առաջին ջոկատներն արդեն հասնում են ռազմակայաններ, երբ Ռուսաստանը կանգնած է այդ զորքերին նախապատրաստելու հարցում ադմինիստրատիվ և նյութատեխնիկական բազմաթիվ մարտահրավերների առջեւ:

«Զորակոչված զինծառայողներից շատերն արդեն մի քանի տարի է չեն ստացել ռազմական պատրաստություն: Այն շտապողականությունը, որով Ռուսաստանը սկսել է մոբիլիզացիան, հուշում է, որ զորակոչված զորքերից շատերը կտեղակայվեն առաջնագիծ՝ նվազագույն պատրաստվածությամբ։

Այս ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում տղամարդիկ, ովքեր դեմ են Պուտինի պատերազմին ու չեն ուզում դառնալ զավթիչ պատերազմի զոհ, դիմում են Ռուսաստանից հեռանալու ամեն մի քայլի:

Եվ Կրեմլն արդեն ստիպված է խոստովանել պահեստայիններին զորակոչելու հարցում թույլ տրված սխալները: Պուտինի հավատարիմ խոսնակն ընդունել է, որ եղել են հրամանագիրը խախտելու եւ անգամ զինվորական որեւէ փորձ չունեցող անձանց ռազմաճակատ ուղարկելու դեպքեր: Իսկ այն, որ Կրեմլն այս պահին ընդունում է սխալներ, խոսում է իրոք տիրող քաոսի մասին: Քաոս, որի ընթացքում մեծաթիվ փորձագետներ են հայտնում այն կարծիքը, որ Պուտինն իրականում ունի մինչև մեկ միլիոն մարդ զորակոչելու մտադրություն: Նրանք մատնանշում են այն հանգամանքը, որ զորակոչի հրամանագրում չի նշվում պահեստայինների ստույգ թվի մասին:

XS
SM
MD
LG