ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը կիրակի օրը Ռուսաստանին մեղադրել է զանգվածային ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Օքսանա Մարկարովան ներկայացրել է զանգվածային գերեզմաններից հավաքված ապացույցներ:
Ուկրինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Խարկովի մարզում խոշտանգումների ավելի քան 10 խցեր են հայտնաբերել այն շրջաններում, որոնք նախկինում գտնվում էին ռուսների վերահսկողության ներքո:
Նրա խոսքերով. ‘’Խոշտանգումները տարածված պրակտիկա է եղել գրավյալ տարածքներում։ Դա նման էր նացիստների վարքին: Հիմա տեսեք, թե ինչ են արել ռուս ֆաշիստները’’: Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը պատասխան է տալու այս ամենի համար թե՛ մարտի դաշտում, թե՛ դատարաններում:
Ռուսաստանն, իհարկե, հերքում է Ուկրանիայի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին մեղադրանքները։ Բայց հավաքված տվյալների հիման վրա, ինչպես ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան է ասում, քրեական գործեր են նախապատրաստվում ոչ միայն երկրի, այլ նաեւ միջազգային դատարանների համար: Նրա խոսքերով, ռուսական զորքերի կողմից նախկինում օկուպացված տարածքներում գրանցված այս դեպքերը հրամայական են դարձնում Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների վերադարձը:
Նույն բռնություններն են իրականացվել նաեւ Կոզաչա Լոպան քաղաքում, որը նույնպես Իզիումի շրջանում է: Վերջին տվյալների համաձայն, Իզիում քաղաքի զանգվածային գերեզմաններում մարդկային 146 մարմին է հայտնաբերվել:
Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են ապացույցներ, որ զոհերից շատերը մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների: Ապացույցներից մեկը սպանված քաղաքացիներից մեկի պարանոցին հայտնաբերված պարանն է:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ նշել է, որ Ուկրաինայում հայտնաբերված զանգվածային գերեզմանները վկայում են Ռուսաստանի ռազմական հանցագործությունների մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրուսի հետ զրույցի օրակարգի մեծ մասը եղել է Ուկրաինան:
Եվրամիության նախագահությունը կոչ է արել Ուկրաինայում Ռուսասատանի կողմից իրականացված հանցագործությունները քննելու նպատակով հիմնել միջազգային ռազմական դատարան: Կոչը հնչել է դաշինքը ներկա պահին նախագահող Չեխիայից:
Նշվում է, որ հայտնաբերված հարյուրավոր գերեզմաններում թաղված անձանց մի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ իրենք պահանջում են պատերազմի բոլոր հանցագործներին ենթարկել պատժի։ ‘’21-րդ դարում խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները աներևակայելի են և նողկալի», - ասել է Լիպավսկին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ էր ասել, թե գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պիտի կանգնի Միջազգային քրեական դատարանի առջեւ:
Պուտինն էլ դեռ հույս ունի, որ ուկրաինական ուժերի կողմից սկսված հակագրոհը, որի արդյունքում ազատագրվել է մոտ 8 հազար քառ. կիլոմետր տարածք, չի փոխելու Ուկրաինայում իր ռազմական ծրագրերը: Պուտինը հայտարարում է, որ նահանջից հետո կգա հարձակումը:
Սակայն Պուտինն Ուկրաինայում ձախողում է «իր բոլոր ռազմական և ռազմավարական նպատակները»: Այս մասին են ասում մեծաթիվ վերլուծաբաններ, ռազմագետներ ու ռազմական գործիչներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադաքինը: