Մատչելի հղումներ

«Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն»․ Ալեն Սիմոնյան


Nancy Pelosi
Nancy Pelosi

Պաշտոնական այցով Երեւանում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Երեկ՝ սեպտմբերի 17-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ պատվիրակությանը եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:

Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը խիստ հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում, հանդիպում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացան Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում: Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը այսօր հյուրընկավեց ՀՀ Ազգային Ժողովում: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդեց Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ԱԺ մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, եւ այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որեւէ երկիր ենք գնում, մեզ համար կարեւոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաեւ մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարեւոր բաղադրիչը»։

Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսին հանդես եկան նաև լրատվամիջոցների համար հայտարարությամբ:

Ալեն Սիմոնյան․ «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում:

Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ:

Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը:

Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:

«Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեք են և գնահատվում են ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են,- ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և ԱՄՆ-ի կառավարությունն ի՞նչ է առաջարկում ՀՀ-ին, արդյոք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը:

Հարցին առաջինը պատասխանեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով, թե իրենք հասկանում են, որ Հայաստանն այդ անվտանգային կազմակերպության մաս է՝ ՌԴ-ի հետ․ «Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում: Այն, ինչ մենք ասում ենք հետևյալն է, որ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ: Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին անվտանգության հարցում»:

Շարունակելով պատասխանել այդ հարցին՝ Փելոսին ընդգծեց. «Ժողովրդավարությունը Հայաստանում ուրախություն է աշխարհի համար, թավշյա հեղափոխությունը ողջունվեց ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը խոսեց նաև Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների մասին՝ դրանք որակելով ազատ և արդար: «Դուք դեպի ժողովրդավարություն անցնելու լավ օրինակ եք: Եվ մենք աջակցում ենք դրան: Ինչպես կոնգրեսական Փալոնն ասաց՝ ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ Հաաստանի որոշելու հարցն է: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեք են ԱՄՆ-ում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»։

Նա հիշեցրեց նաև կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրենսդրական նախաձեռնության մասին:

"Ի՞նչ տեսակի աջակցություն կարող է ակնկալել Հայաստանը ԱՄՆ-ից, մասնավորապես ի՞նչ տեսակի ռազմական աջակցություն", հարցին Փելոսին պատասխանեց, որ իրենց այցի կարեւորությունն այն է, որ լսելու են և հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ է Հայաստանը ակնկալում իրենցից:

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան»,-ասաց նա:

XS
SM
MD
LG