Մատչելի հղումներ

Twitter-ը մեկ տասնամյակ հետ է անվտանգության չափանիշներից


Twitter-ի անվտանգության նախկին ղեկավար Փեյթեր Զատկոն երեքշաբթի օրը ԱՄՆ օրենսդիրներին ասել է, որ ընկերությունը ավելի է գնահատում սեփական շահույթը, քան իր օգտատերերի կիբերանվտանգությունը:

«Այս հսկայական ազդեցիկ ընկերությունը ավելի քան մեկ տասնամյակ հետ է անվտանգության չափանիշներից: Ընկերության կիբերանվտանգության ձախողումները այն խոցելի են դարձնում շահագործման համար»,- ասել է Twitter-ում անվտանգության նախկին ղեկավար Փեյթեր Զատկոն:

Twitter-ի խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Զատկոյի «մեղադրանքները լի են անհամապատասխանություններով և անճշտություններով»: Նա պնդում է, որ Զատկոյին աշխատանքից ազատել են իր կատարած վատ աշխատանքի պատճառով:

2020 թվականին Twitter-ը անվտանգության լուրջ խախտում է ունեցել, երբ երկու հաքերներ ներխուժել էին պետական պաշտոնյաների էջեր:

Ամերիկացի օրենսդիրները տարիներ շարունակ պայքարել են կառավարությանը սոցիալական մեդիա հարթակների նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն տրամադրելու համար:

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչ կարող է պատահել, երբ փոքրաթիվ հաքերներ ներխուժում են պետական պաշտոնյաներին պատկանող Twitter-ի էջեր: Բայց ի՞նչ կլինի, եթե հաջորդը լինեն չարամիտ հաքերներ կամ թշնամաբար տրամադրված օտարերկրյա կառավարություններ: Նրանք օրինակ կարող են ներխուժել նախագահի թվիթերյան էջ և սուտ տեղեկատվություն տարածել»,- ասել է դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը:

Զատկոն նաև սենատորներին ասել է, որ Twitter-ը ենթակա է օտարերկրյա կառավարության գործակալների ներթափանցմանը:

«Ինձ թվում է, որ Twitter-ի գործադիր տնօրենն ավելի շատ մտահոգված է օտարերկրյա երկրներից ստացվող շահույթի ավելացմամբ, քան օգտատերերի տվյալների պաշտպանությամբ»,- ասել է հանրապետական սենաատոր Մայք Լին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Twitter-ի բաժնետերերը հավանություն էին տվել միլիարդատեր Իլոն Մասկի՝ 44 միլիարդ դոլար արժողությամբ գնման հայտին: Սակայն Մասկը հետ է կանգնել իր առաջարկից՝ ասելով, որ իրեն ապատեղեկացրել են հարթակում առկա բոտերի քանակի մասին:

Հոդվածը պաատրաստվել է Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG