Փորձագետների կարծիքով Ուկրաինան պարտության է մատնել իր հակառակորդին՝ երկրի հյուսիս-արևելքում կազմակերպելով անսպասելի հակահարձակում: Այն խուճապ է առաջացրել ռուսական զորքերի շրջանում
Ուկրաինան հայտնում է, որ իր ուժերը հետ են գրավել Իզյումի ռազմավարական կենտրոնի շրջակայքում գտնվող քաղաքներն ու գյուղերը: Դա հնարավոր է դարձել երկրի արևելքում Ռուսաստանի դեմ խոշոր հակահարձակման արդյուքում: Փորձագետները զարմացած են, Ուկրաիայի անակնկալ նվաճումների և Ռուսատանի արագ նահանջի փաստից:
«Դա կարծես լոգիստիկայի, ռազմավարության, մարտավարության ամբողջական ձախողում է ռուսական կողմի համար։ Ամեն ինչ ուղղակի փլուզվում է: Նրանց պաշտպանական գիծը ճեղքված է, զորքերն արագորեն հեռանում են կամ փախչում՝ թողնելով ողջ զինամթերքը, մեքենաներն ու զենքերը։Նման անկազմակերպ նահանջն ուղղակի զարմանալի է»,- ասում է Ավգուստայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Քրեյգ Ալբերտը։
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ամերիկյան բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Փիթեր Զվակը պնդում է, որ անցած մի քանի օրերը զգալի ազդեցություն են թողել ռուս զինվորների բարոյական վիճակի վրա:
«Երբ զորքերը կորցնում են կռվելու իրենց կամքը, ապա անկախ վերևից իջեցված հրամանների, ամեն ինչ շատ վատ է ընթանում: Եվ դա այն է, ինչին մենք, անշուշտ, ականատես ենք Խերսոնի շրջակայքում և Խարկովի մոտ»,- ասում է նա:
Մեկ այլ փորձագետ էլ «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Ուկրաինայի հաջողությունները մարտադաշտում յոթամսյա պատերազմի կրիտիկական կետն են:
«Այսպիսով, այս առաջխաղացումները հսկայական են: Դրանք արձանագրվում են այն ժամանակ, երբ Արևմուտքում ընթանում է ևս մեկ քննարկում ավելի մեծ ռազմական օգնության տրամադրման մասին»,- նշում է Հադզոնի հաստատության ավագ հետազոտող Լյուկ Քոֆին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բարձր է գնահատել ուկրաինական զորքերի խիզախությունը և դատապարտել Ռուսաստանի պատասխան հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին Խարկովի և Դոնեցկի շրջաններում, որոնք համատարած հոսանքազրկման պատճառ են դարձել։
«Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և ջրային կայանների թիրախավորումը հուսահատության նշան է։ Երբ գիտես, որ պարտվում ես մարտի դաշտում, դիմում ես նման քայլի: Ոչ մի ողջամիտ ռազմական հրամանատար չի առաջարկի, որ օգտագործվի 30 միլիոն դոլարանոց բալիստիկ հրթիռ՝ Ուկրաինայի էլեկտրական ցանցը մի քանի ժամով անջատելու համար, բայց սա հենց այն է, ինչին մենք ականատես ենք»,- նշում է Լյուք Քոֆինը:
Ռուսական պաշտոնական արձագանքը Ուկրաինայի առաջխաղացման վերաբերյալ դեռևս չի հրապարակվել, սակայն կիրակի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց ռազմական քարտեզ, ուր ցույց տվեց, որ ռուսական ուժերը դուրս են բերվել Խարկովի մարզից։
Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ պետքարտուղարությունում «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Սինդի Սեյնի նյութի հիման վրա