Մատչելի հղումներ

Միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները


Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ կրակահերթեր բացել հայկական՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են սեպտեմբերի 13-ի դրությամբ: Հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը իր խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, այդ թվում Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների մասին, ներառյալ Հայաստանի տարածքի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդումներով: Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, նույնպես թվիթերյան գրառմամբ. «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի ուղղությամբ։ Հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ»:

Քիչ առաջ թվիթերյան գրառմամբ հայ-ադրբեջանական սահմանային բախումներին անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը․ «Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդումներով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դեմ կանգնի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ն այժմ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրել անվտանգության օգնություն»:

Թվիթերի իր միկրոբլոգում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ գրել է, որ ինքը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա շեշտել է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխելու ուղղությամբ միջնորդություն իրականացնելու նպատակով:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը նույնպես «Թվիթեր»-ի իր էջում խստագույնս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած գրոհը, մասնավորապես նշելով․- «Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, որքան հնարավոր է շուտ միջամտել և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել հարձակումները»,- նշել է Ֆուրլասը։

Հայաստանը ևս քայլեր է ձեռնարկել. սեպտեմբերի 13-ին Երևանը փաստաթուղթ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու հայտով:
Իսկ ԵԱՀԿ-ում տեղի կունենա Մշտական խորհրդի հատուկ նիստը սեպտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ նիստը գումարվում է Հայաստանի նախաձեռնությամբ:

Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ իր խիստ մտահոգությունն է հայտնել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում․ «ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել Կոլոմինան։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կայունացնելու համար։ ՌԴ նախագահի խոսնակը Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ լուրը առայժմ մեկնաբանել չի ցանկացել։

Իր հերթին Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանային բախումների համատեքստում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան գրառման մեջ հայտարարել է, որ «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա», իսկ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Reuters-ի փոխանցմամբ, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է, որ «Թուրքիան միշտ եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին» և կշարունակի աջակցել Բաքվին:

Հայաստանին մյուս հարևան Իրանը իր հերթին զսպվածության կոչ է արել կողմերին: Ըստ իրանական պետական IRNA գործակալության, Իրանի արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման և սահմանային հակամարտությունների կապակցությամբ: Նա կոչ է արել զսպվածության և երկու երկրների միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելուն միջազգային իրավունքի հիման վրա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանը եւս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ իր սահմաններում որեւէ փոփոխության անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ Թեհրանը ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին: Խոսնակը հայտարարել է նաև երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին։

Իր հերթին Reuters գործակալությունը, հենվելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի տրամադրած տեղեկատվությանը, հաղորդել է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին նախատեսում է բարձրացնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարցը: Reuters-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահը կոչ արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG