Մատչելի հղումներ

Դոկտոր Քոլին Քահլն ու Սուրեն Պապիկյանը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների ամրապնդման ուղիները


ԱՄՆ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ դոկտոր Քոլին Քահլն սեպտեմբերի 8-ին Պենտագոնում հյուրընկալել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների ամրապնդման ուղիները: Դոկտոր Քահլն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Բացի այդ, երկու ղեկավարները քննարկել են ուկրաինական պատերազմը և փոխշահավետ համագործակցության հնարավոր ոլորտները։

"Հաճելի էր հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության իրավիճակը, Հարավային Կովկասի խաղաղության և կայունության առջև ծառացած մարտահրավերները և հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդման ուղիները",- նշել է Դոկտոր Քահլը Twitter-ի գրառման մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։

XS
SM
MD
LG