Մատչելի հղումներ

Վարչապետը Վլադիվոստոկում մասնակցել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին


Vladivostok Pashinyan
Vladivostok Pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները, հայտնում է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «2020 թվականին մենք պատերազմ վերապրեցինք, և, երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը` միջազգային հանրության ողջ ուշադրությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, կենտրոնացած էր կորոնավիրուսի պանդեմիայի վրա։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո:

Նրա խոսքերով, այժմ Հայաստանի տնտեսության մեջ առկա է շատ լավ դինամիկա: Այս տարի նպատակադրված է ունենալ նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ:

2020 թվականի նոյեմբերի 9-ին, շնորհիվ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն: Եվ այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ասելէ Փաշինյանը:

Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, ըստ նրա խոսքերի, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են․ «Եվ մենք հույս ունենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»: Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները: Կարծում եմ` այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների` Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, հեռավոր աևելյան երկրների, ընդհանրապես արևելյան երկրների, աֆրիկյան տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի համար նույնպես: Սա իրապես գլոբալ նախագիծ է, որը հույս ունենք իրականացնել»։

Վարչապետը շեշտել է, որ սկսվել է խոսակցություն Թուրքիայի հետ և ինքը հույս ունի՝ Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, ասել է նա,և շեշետել, որ ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես՝ ընդգծելով նաև ՌԴ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ:

«Կարող է զվարճալի թվալ, սակայն կա իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում Հայաստանը ներկայացնել որպես խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար»: Այս համատեքստում ինքն ուրախ է, որ «այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆորումը վարող լրագրող Իլյա Դորոնովի հարցերին։ «Հայաստանն այն երկիրն է, որը գիտի ինչ է էներգետիկ ճգնաժամը, առևտրային ճգնաժամը: 1990-ական թվականներին այդ ամենը վերապրել եք որպես երկիր: Բայց այժմ ձեզ մոտ տեղի է ունենում Ռուսաստանի հետ ինտենսիվ հարաբերությունների ուժեղացում: Վերջին մի քանի շաբաթներին Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ շփվել եք մի քանի անգամ, եկել եք Վլադիվոստոկ` ֆորումին մասնակցելու, իսկ չե՞ք վախենում, որ կընկնեք պատժամիջոցների տակ» հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: -«Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ, ըստ նրա:

Այնուհետև, ի պատասխան լրագրողի հարցին` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին. «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան: ... Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Նրա խոսքերով, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: «Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա»:

Ինչ վերաբերում է հնարավոր պատժամիջոցների, ապա վարչապետի խոսքերով, եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ` դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Նա նշեց, որ Հայաստանն առաջարկում է համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին․ «Մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան»:

Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխելու Ռուսաստանի հետ 30-ամյա տնտեսական համագործակցության որակը:

XS
SM
MD
LG