Մատչելի հղումներ

Կրե՞լ զենք Նյու Յորքում, թե՞ չկրել


Հինգշաբթի օրը Նյու Յորքում ուժի մեջ են մտել զենք կրելու սահմանափակումների մասին նոր կանոնակարգերը: Նյու Յորքում զենքի թույլտվության հայտերը զգալիորեն աճել են:

Այս շաբաթ Նյու Յորքի Թայմս Սքվերում հայտնվեցին այստեղ զենքից ազատ գոտի հայտարարելու մասին ցուցանակներ: Այս քայլով Նյու Յորք նահանգի իշխանությունները ջանքեր են կիրառում՝ հակազդելու համար ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից ընդունված այն որոշմանը, ըստ որի կրճատվում են քաղաքի փողոցներում թաքնված զենք կրելու սահմանափակումները: Այսինքն, դատարանը գտնում է, որ զենք կրելու սահմանափակումները պիտի կրճատվեն:

Ինչպե՞ս են այս հարցին նայում նյույորքցիներն ու այս քաղաք այցելող անձինք:

Ինչպես Նյու Յորքի բնակիչ Թրեյսի Լոքն է ասում, ‘’Պարզապես սարսափելի է, որ Նյու Յորքում զենք չկրելու համար պիտի ունենանք պաստառներ: Բայց հուսով եմ, որ գոնե այս պաստառները կհասկացնեն մարդկանց, որ հարկավոր չէ ու չի կարելի այստեղ զենք կրել’’, ասում է նա:

Նյու Յորքի մեկ այլ բնակիչ` Ջուլիան Ռոմանովիցը հակառակ կարծիքին է: ‘’Ես ինքս զենք չեմ կրում, բայց բոլորս էլ գիտենք, որ մեծաթիվ զինված հանցագործներ կան ու նրանցից երբեմն հարկ է լինում պաշտպանվել: Ուրեմն արդյո՞ք զենք կրելու այս արգելքը չի նշանակում, որ մարդիկ զրկվում են պաշտպանվելու իրավունքից’’:

Ավստրալիայից ժամանած զբոսաշրջիկ Արթուր Դենիսի համար էլ պարզապես զարմանալի է, որ իրենք Ավստրալիայում պարբերաբար լսում են ԱՄՆ-ում տեղի ունեցող հրազենային հարձակումների մասին: ‘’Որքան քիչ զենք, այնքան լավ’’, ասում է նա:

Թեև քաղաքի բնակիչները կարող են թաքնված զենք կրել անհրաժեշտ ուսուցումն ու փորձարկումներն անցնելուց հետո, փորձագետներն ասում են, որ հեշտ չի լինի օրինական ճանապարհով հրազենով տեղաշարժվել Նյու Յորքում:

Իսկ Գերագույն դատարանի որոշումից հետո զենքի թույլտվության հայտերն աճել են 54 տոկոսով:

Հիմա հետաքրքիր է ու կարեւոր` գրանցելու համար հետագա տվյալները, թե արդյոք զենք գնելու հայտերի աճից հետո կգրանցվի հրազենային հարձակումների աճ, թե ոչ:

Թեև զենք կրելու իրավունքների պաշտպաններն ասում են, որ Գերագույն դատարանի որոշումը իրավացիորեն վերադարձրել է այդ իրավունքը, Նյու Յորքի մեծաթիվ բնակիչներ էլ ասում են, որ նահանգի նոր օրենսդրությունը կօգնի իրենց ավելի ապահով զգալ քաղաքի հանրային տարածքներում:

XS
SM
MD
LG