Ռուսաստանում 29-ամյա հեռուստամեկնաբան Դարիա Դուգինայի սպանությունը շատերը համարում են հարձակում ընդդեմ Պուտինի իշխանության: Չէ որ Դուգինան Ուկրաինայի դեմ պատերազմի ամենաջերմ աջակիցներից էր, ծայրահեղ ազգայնական քաղաքական տեսաբան Ալեքսանդր Դուգինի դուստրը: Ալեքսանդր Դուգինը, որի դեմ էր ամենայն հավանականությամբ իրականացվել մահափորձը, սակայն սպանվել էր միայն դուստրը, ‘’Պուտինի ուղեղն է’’, ասում են շատերը: Ի դեպ նա հայտնի է նաեւ ‘’Պուտինի Ռասպուտին’’ մականվամբ:
Պուտինին հաճախ էին գովաբանում այն բանի համար, որ իշխանության գալուց հետո այս երկրում վերացան ահաբեկչական նման հարձակումները: Իր ամենահավատարիմներից Դուգինի դստեր սպանությունն այսպիսով մի մեծ խաչ է քաշում այդ գովասանքների վրա:
Դուգինայի վարած Toyota Land Cruiser-ը շաբաթ օրը պայթեց, երբ նա իր հոր հետ վերադառնում էր ինչ որ փառատոնից: Հայրը վերջին րոպեին էր որոշել մեկնել այլ ավտոմեքենայով:
Քաղաքական վերլուծաբան Աբբաս Գալյամինի կարծիքով՝ միջադեպը նախազգուշացման ակտ էր ռուս ժողովրդի համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խորհրդականը հերքել է պայթյունին Ուկրաինայի մասնակցությունը։ Միխայլո Պոդոլյակն ասել է. «Մենք հանցագործ պետություն չենք, ի տարբերություն Ռուսաստանի, և հաստատ ահաբեկչական պետություն չենք»։
Սակայն ինչպես The Spectator պարբերականում վերլուծաբան Մարք Գալեոտին է գրում ‘’Ի՞նչ է Դուգինայի սպանությունը պատմում Ռուսաստանի մասին” վերնագրով իր հոդվածում, ‘’Շուտով անկասկած կհայտնվեն արհեստականորեն բեմադրված տեսագրություններ, որտեղ պատկերված կլինեն, թե ինչպես են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ներխուժում ինչ որ բնակարան, հայտնաբերելու համար պայթուցիկներ: Հափշտապ կերպով կիրականացվեն ձերբակալություններ: Կցուցադրվեն տնային պայմաններում պայթուցիկներ պատրաստելու ուկրաինական գրքեր, ամերիկյան դոլարներ: ‘’Բայց նման բաներ մենք ու իրենք` ռուսներն արդեն տեսել են նախկինում: Այնպես որ կատարվածն արդեն իսկ խոսում է ընդհատակյա անկայունության ու իրեն անսասան համարող վարչակազմի թուլության մասին:
Անկախ նրանից, գրում է Մարք Գալեոտին, սա Ռուսաստանի անվտանգության լուրջ ձախողման, թե նրա ներսում առկա լարվածության ու մրցակցության նշան է, այն խոսում է մի վարչակարգի մասին, որի գործունեությունը չի համապատասխանում իր հռետորաբանությանը, եւ գուցե ավելի թույլ է, քան թվում է առաջին հայացքից: