Մատչելի հղումներ

Թրամփի կազմակերպության բարձրագույն ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչում հարկերից խուսափելու գործով


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանեկան բիզնեսի բարձրաստիճան ղեկավարը հինգշաբթի օրն իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեջ: Մի գործարք, որն այս ընկերության դեմ աշնանն անցկացվելիք դատավարության ժամանակ նրան կարող է վերածել կարեւորագույն վկայի:

Trump Organization-ի, թարգմանաբար` ‘’Թրամփի կազմակերպության’’ ֆինանսական հարցերով տնօրեն Ալեն Վայսելբերգն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված բոլոր 15 մեղադրանքներում։ Նրան մեղադրում էին ընկերությունից ստացած մեծ օգուտներից, այդ թվում շքեղ մեքենայի վարձակալության, Մանհեթենում բնակարանի վարձակալության և թոռների համար մասնավոր դպրոցի ուսման վարձի դիմաց նախատեսվող հարկերից խուսափելու մեջ:

Վայսելբերգը միակ մարդն է, ում մինչ այժմ քրեական մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի շրջանային դատախազի կողմից ընկերության բիզնես պրակտիկայի երկարատև հետաքննության ընթացքում:

Դատավոր Խուան Մանուել Մերչանը համաձայնել է Վայսելբերգին դատապարտել հինգ ամսվա ազատազրկման և հինգ տարվա պայմանական ազատազրկման Նյու Յորքի Ռիկերս կղզու բանտային համալիրում, թեև նա կարող է ազատ արձակվել շատ ավելի վաղ, եթե ճաղերի հետևում իրեն լավ դրսեւորի: Դատավորն ասել է, թե Վայսելբերգը պետք է վճարի մոտ 2 միլիոն դոլարի հարկեր, տույժեր և տոկոսներ:

Մեղադրական գործարքը նաև պահանջում է, որ Վայսելբերգը ճշմարտացիորեն ցուցմունք տա որպես մեղադրող կողմի վկա, երբ հոկտեմբերին սկսվի «Թրամփի կազմակերպության’’ դեմ դատավարությունը: Ընկերությունը մեղադրվում է Վայսելբերգին և մյուս ղեկավարներին հարկերից խուսափելու հարցում օգնության համար:

Ինքը՝ Թրամփն այս գործով մեղադրյալ չէ։

Վայսելբերգի ցուցմունքները կարող են թուլացնել ‘’Թրամփի կազմակերպության’’ պաշտպանությունը: Եթե ընկերությունը մեղավոր ճանաչվի, կարող է ենթարկվել տուգանքների կամ պայմանական ազատազրկման, և ստիպված կլինի փոխել որոշակի բիզնես պրակտիկան:

Associated Press

XS
SM
MD
LG