Մատչելի հղումներ

Հանդիպումներ` Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահների ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լվովում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ներխուժումից հետո նրանց միջեւ առաջին հանդիպումն է:

Երկկողմ բանակցություններից հետո նրանց կմիանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հացահատիկի արտահանման վերաբերյալ հետագա բանակցությունները շարունակելու նպատակով:

Էրդողանի գրասենյակը հայտարարել է, թե նա անդրադառնալու է հացահատիկի արտահանման ավելացման ուղիներին և այն քայլերին, որոնք կարող են նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցմանը:

Էրդողանը Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ կքննարկի նաև Անկարայի և Կիևի միջեւ երկկողմ հարաբերությունների «բոլոր ասպեկտները», ասված է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան քննադատել է ռուսական ներխուժումը և Ուկրաինային տրամադրել է զենք, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր: Անկարան, սակայն, հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին:

Ուկրաինայի նախագահը հինգշաբթի օրն ավելի ուշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո ասել է, որ ՄԱԿ-ը պետք է ապահովի ռուսական ուժերի կողմից գրավված Զապորոժժիայի ատոմակայանի անվտանգությունը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Զապորոժժիայի ԱԷԿ-ում Ռուսաստանի միջուկային շանտաժի թեմային: Ագրեսորի կողմից այս կանխամտածված ահաբեկչությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ աշխարհի համար»,- գրել է Զելենսկին Telegram-ի հաղորդագրությունների հավելվածում:

«Ուստի ՄԱԿ-ը պետք է ապահովի այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը, դրա ապառազմականացումը և ամբողջական ազատագրումը ռուսական զորքերից»,- ասել է Զելենսկին։

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG