Մատչելի հղումներ

Թրամփին քննադատող Լիզ Չեյնին կրել է պարտություն


Հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին, որը հայտնի էր իր կուսակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու քաղաքականությամբ, պարտություն է կրել Վայոմինգում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում: Քվեարկության արդյունքներով՝ Հարիեթ Հեյգմանը Չեյնիի դեմ պայքարում հաղթանակ է գրանցել ձայների մեծ տարբերությամբ:

Ընտրապայքարի ժամանակ Հեյգմանին իր աջակցությունն է հայտնել Թրամփը, ինչը մեծ դեր է խաղացել այս թեկնածուի հաղթանակի համար մի նահանգում, որտեղ Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրություններում գրանցել էր ամենամեծ հաղթանակը: Այսօր ձայների 66 տոկոսն է ստացել Հեյգմանը, Չեյնին՝ ընդամենը 29։

Չեյնին իր պարտությունն անվանել է իր քաղաքական կարիերայի նոր շրջանի սկիզբ: Նա այս հայտարարությամբ հանդես է եկել մի խումբ համախոհների ներկայությամբ, որոնց մեջ է եղել նրա հայրը` երկրի նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին։

«Մեր աշխատանքը հեռու է ավարտվելուց», - ասել է նա՝ մեջբերելով Աբրահամ Լինքոլնի խոսքերը, որը Կոնգրեսի ընտրություններում պարտվելուց հետո, դարձել էր երկրի նախագահ եւ ամրապնդել նրա միասնականությունը:

Նահանգային ընտրությունների այս արդյունքը նշանակում է, որ երեք ժամկետ ծառայած Չեյնին չի վիճարկելու 2017 թվականից զբաղեցրած իր տեղը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

Չեյնիի պարտությունը նշանակում է եւս մեկ հաղթանակ հօգուտ Թրամփի, որը միջանկյալ ընտրություններից առաջ պաշտպանել է տասնյակ թեկնածուների, ինչպես նաեւ նահանգային կառավարիչների:

Արդյունքները ցույց են տալիս, որ այն թեկնածուները, ովքեր կրկնել են Թրամփի խոսքերն այն մասին, թե 2020 թվականի նախագահական ընտրություններում եղել են կեղծիքներ, եւ պաշտպանել են Թրամփին նրա դեմ իրավական մեղադրանքների պայմաններում, հիմնականում գրանցում են իրենց մրցակիցների դեմ հաղթանակ:

XS
SM
MD
LG