Մատչելի հղումներ

Մոսկվան ու Կիեւը միմյանց մեղադրում են ատոմակայանի շուրջ հրթիռակոծությունների համար


Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում Զապորոժժիայի շրջանի Էներհոդար քաղաքի հրթիռակոծման համար, որտեղ գտնվում է Զապորոժժիայի ատոմակայանը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն են կիրակի օրը երկու անգամ գնդակոծել Էներհոդար քաղաքը։ Առաջին հրետակոծությունը տեղի է ունեցել դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում, որի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ: Երկրորդ հրետակոծությունը ատոմակայանի մոտ խոտածածկ հրդեհի պատճառ է դարձել։

Ուկրաինան հերքում է Ռուսաստանի մեղադրանքները՝ ասելով, որ ռուսական զորքերն են կիրակի օրը բազմաթիվ արկեր արձակել Էներհոդարի ուղղությամբ՝ դառնալով քաղաքացիական անձանց մահվան պատճառ:

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ ասել է, որ ռուսական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել են ուկրաինական մի շարք հրամանատարական կետերի և ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Ուդի բնակավայրը։ Նախարարությունը նաև նշել է, որ բարձր ճշգրտության զինատեսակների կիրառմամբ, ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ուկրաինացի զինվորականների 66-րդ և 63-րդ մեքենայացված բրիգադներին Դոնեցկի և Խերսոնի շրջաններում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը կիրակի օրը հայտնել է, որ ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական հարձակումը Դոնեցկի շրջանի Սլովյանսկի, Կրամատորսկի և Ավդիիվկայի ուղղությամբ, և որ ռուսական զորքերը մասնակի հաջողությամբ առաջ են շարժվում դեպի Դոնեցկի Բախմուտ։ Ուկրաինայի զինված ուժերը նաև հայտնել են, որ հարվածել են Խերսոնի շրջանում Դնեպր գետի վրայով անցնող Անտոնիվսկի կամուրջին, որպեսզի այն անանցանելի դարձնեն ռուսական բանակի համար:

Ուկրաինական հրետանին հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևելքում գտնվող վարձկանների ռուսական ստվերային «Վագներ» պարագլխային խմբի շտաբին, ասվում է հաղորդագրությունների մեջ։

Պոպասնայում հարձակման մասին հայտնել են Լուգանսկի շրջանի ուկրաինացի նահանգապետ Սերխի Հայդեյը և Կրեմլի կողմնակից մի քանի լրագրողներ:

Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Վագները կապված է եղել ռազմական հանցագործությունների հետ: Խումբը տեղակայվել է Ղրիմում և Ուկրաինայի Դոնբասի շրջանում 2014թ.-ին, պաշտպանելու համար Կրեմլի աջակցությունը վայելող անջատողականներին:

Վագների ստորաբաժանումներ են ուղարկվել նաև Սիրիա, Լիբիա, Մալի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն։

XS
SM
MD
LG