Հինգշաբթի օրը զինված մի տղամարդ փորձել է ներխուժել Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող Հետաքննությունների դաշնային բյուրոյի շենքը: Ավելի ուշ նրա ու ոստիկանների միջեւ սկսվել է փոխհրաձգություն: Ըստ պաշտոնատար անձանց, ոստիկանների շրջանում տուժածներ չկան: Ինչպես
Օհայո նահանգի մայրուղիների ոստիկանապետն է ասել, կասկածյալը դիմել է փախուստի:
NBC News-ի հայտնած տվյալների համաձայն, կասկածյալը, որը զինված է եղել AR-15 տիպի կիսաինքնաձիգ հրացանով, շենքի մեջ կրակել է մեխեր արձակող սարքով: Իշխանությունները փակել են երկու մայրուղիներ և սահմանել տարածքի արգելափակում։ Պաշտոնատար անձինք հայտնել են, որ կասկածյալը հրաձգության ընթացքում փախուստի է դիմել սպիտակ մեքենայով:
Ավելի ուշ ստացված տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը, հայտնաբերելով նրան, փորձել է վարել բանակցություններ: Սակայն նա հրաժարվել է շփումներից ու ոստիկանության կողմն է պարզել զենքը: Դրանից անմիջապես հետո ոստիկանների կողմից արձակված կրակահերթից ստացած վիրավորումներից նա մահացել է:
ՀԴԲ-ի շենքի դեմ հարձակում իրականացնելու դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Լրատվական գործակալությունները հիշեցնում են սակայն, որ ՀԴԲ-ն վերջին մի քանի օրերին ենթարկվել է առցանց մի շարք սպառնալիքների, որոնք սկսվել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տունը ՀԴԲ-ի կողմից խուզարկության ենթարկելու փաստից հետո: Խուզարկության նպատակն է պարզել, թե արդյոք Թրամփն, իշխանությունից հեռանալուց հետո, Սպիտակ տնից ապօրինի կերպով պաշտոնական փաստաթղթեր է իր տուն տեղափոխել:
''Ռոյթերս''