Մատչելի հղումներ

«Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում»․ ՀՀ ԱԳՆ հայտարարություն


Foreign Ministry of Armenia
Foreign Ministry of Armenia

Օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, թիրախավորել են հայկական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված», այսօր կառավարության նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր է տարբեր միջազգային կառույցներ և առանձին պաշտոնյաներ հանդես են գալիս հայտարարություններով՝ դատապարտելով ռազմական գործողությունները, կոչ անելով անհապաղ դադարեցնել էսկալացիան և վերադառանալ բանակցային ձևաչափին։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մարտերի առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային կյանքերի կորստի ու վիրավորների։ «Մենք կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից,- ասված է հայտարարության մեջ,- վերջին լարվածությունների աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր հարցերի բանակցային, ամբողջական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։

Հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք կոնգրեսականներ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակում է կատարել, որով կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանխել Ադրբեջանի գործողությունները․ «Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հնարավոր դիվանագիտական միջոց՝ Ալիևի վտանգավոր գործողությունները կանխելու համար»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությամբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»:

ՀՀ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է ՀՀ հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին և միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան նույնպես գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, միաժամանակ, ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել հայկական և ադրբեջանական ուժերի միջև ռազմական գործողությունները․ «Մենք խորապես ափսոսում ենք մարդկային զոհերի համար, կողմերին կոչ ենք անում դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-նշել է Կոլոմինան:

Օգոստոի 3-ի դեպքերին անդրադարձել է նաև Եվրոպական միությունը՝ հայտարարությամբ, որում կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում: Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների: Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - նշված է Եվրամիության հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը Թվիթերի իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել, որով հայտնել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը ծայրաստիճան մտահոգությունը Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արված բոլոր անհրաժեշտ միջոցներով հասնել ապաէսկալացման և վերսկսել երկխոսությունը՝ միաժամանկ շեշետելով, որ հանձնառու են աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։

Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարությամբ, որով զսպվածության կոչ է արվում կողմերին՝ շեշտելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով․ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները․ «Ռուս խաղաղապահները ներդնում են անհրաժեշտ ջանքերը՝ իրադրությունը տեղում կայունացնելու համար: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով, ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ», ասված է հայտարարության մեջ։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ստեղծված իրավիճակին և տեղեկացրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։ Նրա խոսքերով․ «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»։

Ի դեպ, այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն, քանի որ հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի․ «Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հակամարտության կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու և առկա տարաձայնությունները բացառապես դիվանագիտական միջոցներով հաղթահարելու կոչ է արել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ հանդես գալով հայտարարությամբ, որով արտահայտել է ՀԱՊԿ քարտուղարության անհանգստությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ցավակցել զոհերի հարազատներին ու բարեկամներին։

XS
SM
MD
LG