Մատչելի հղումներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ղազախստանում կարող է հանդիպել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ


Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերին Նուր-Սուլթանում կմասնակցի միջկրոնական համաժողովին

Սեպտեմբեր ամսին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ղազախստան կայանալիք այցի ժամանակ կարող է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Հիշեցնենք, որ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կողմ է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը:

85-ամյա Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 13-15-ը կմասնակցի Ղազախստանի Նուր-Սուլթանում կայանալիք միջկրոնական համաժողովին, հայտնել է Վատիկանը: Ակնկալվում է, որ Կիրիլը նույնպես մասնակցելու է նույն համաժողովին:

Ավելի վաղ, Ֆրանցիսկոսը չեղյալ էր հայտարարել Երուսաղեմում պատրիարք Կիրիլի հետ նախատեսված հանդիպումը հնարավոր դիվանագիտական հետևանքների պատճառով:

Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը հիմնավորել է նրանով, որ այն ունի հոգևոր և գաղափարական հիմքեր: Նա ներխուժումը անվանել է «մետաֆիզիկական» պայքար Արևմուտքի դեմ։ Նա նաև օրհնել է մարտի գնացող ռուս զինվորներին պաշտպանելով այն գաղափարը, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի առաջին պատմական հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Հավանայում: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր նրանք ունեցել են առնվազն մեկ տեսազրույց։

Ըստ «Reuters» լրատվականի, ուղևորության մասին ազդարարող Վատիկանի հայտարարության մեջ պատրիարք Կիրիլը չի հիշատակվել։ Հայտարարությունը թողարկվել է ռուսերեն, իտալերեն և անգլերեն լեզուներով։

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի և «Ամերիկայի ձայն» ի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG