Կլիմայագետները արդեն բազում տարիներ է, ինչ խնդրում են համաշխարհային առաջնորդներին ինչ-որ բան անել կլիմայի փոփոխության հեռահար հետևանքները կանխելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ժամանակ տրվել էին բազում խոստումներ այդ ուղղությամբ գործողություններ սկսելու վերաբերյալ: Նախագահի կուսակցության անդամները անցյալ շաբաթվա վերջին հայտարարել են 2022 թվականի գնաճի նվազեցման ակտի մասին, որը ի թիվս այլ դրույթների, նաև ներառում է օրակարգ` կապված կլիմայի փոփոխությունների հետ:
«Օրինագիծը կնվազեցնի առողջապահական ծախսերը միլիոնավոր ամերիկացիների համար: Դա ամենակարևոր ներդրումն է, որը մենք երբևէ կատարել ենք էներգետիկ անվտանգության գործում: Մենք ստեղծելու ենք մաքուր էներգիայի լուծումներ մեր ապագայի համար",- ասել է նախագահ Բայդենը:
Հայտարարությունը հաջորդել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակք Շումերի և Արևմտյան Վիրջինիայի դեմոկրատ Ջո Մանչինի միջև ամիսներ շարունակ հանրային տարաձայնություններին այն մասին, թե ինչ է պետք ներառել օրինագծում: Սակայն անցած շաբաթ այս հարցի շուրջ տեղի են ունեցել մեծ փոփոխություններ:
«Սա գնաճի նվազեցման ակտ է։ Մենք ներդրումներ ենք կատարում, առանց գումար ծախսելու: Մենք ունենք 3 տրիլիոն 500 միլիարդ դոլար կազմող հաշիվ, որի հետ ես երբեք չեմ կարողացել համաձայնության գալ»,- ասել է Սենատոր Ջո Մանչինը:
Օրինագիծը նաև վերաբերում է էներգետիկ ծախսերին և անկախությանը: Հանրապետականները շարունակում են զգուշանալ Շումերի և Մանչինի ծրագրից, որոնց շուրջբանակցությունների մեծ մասը տեղի է ունեցել գաղտնի պայմաններում:
«Մանչինի ասածների մեծ մասը կեղծ է: Հարկերը բարձրացնում են համաձայն Հարկային հարցերով միացյալ կոմիտեի: Առաջին տարում հարկերը կբարձրացվեն գրեթե 17 միլիարդ դոլարով նրանց համար, ովքեր աշխատում են 200 հազար դոլարից ցածր գումար: Բարձրացված հարկերի տոկոսը ժամանակի ընթացքում կաճի միջին խավի և ցածր եկամուտ ստացողների համար: Նրանք բարձրացնում են հարկերը այն մարդկանց համար, ովքեր 10 հազար դոլարից պակաս են աշխատում»,- ասել է հանրապետական Սենատոր Բիլ Քեսսիդին:
Դեմոկրատները հերքում են այդ պնդումը, ասելով, որ օրինագիծը տարեկան 400 հազար դոլարից պակաս եկամուտ ունեցող ընտանիքներին զերծ է պահում նոր հարկերից: Այն նաև նվազեցնում է դեղերի ծախսերը և ամրապնդում նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Մատչելի խնամքի օրենքը:
Էներգետիկ ծրագրերը նաև ներառում են հարցեր մաքուր էներգիայի և հանածո վառելիքի վերաբերյալ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել սենատոր Մանչինի համար: 2022 թվականի Գնաճի նվազեցման ակտը այս շաբաթվա առաջիկա քվեարկության ժամանակ կպահանջի դեմոկրատների լիակատար աջակցություն, քանի որ հանրապետականներից կարծես թե բոլորը ծրագրին դեմ են:
Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիյի նյութի հիման վրա: