Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների միջեւ հեռախոսազրույցը չի ունեցել հանգիստ բնույթ


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ծինպինը հինգշաբթի առավոտյան երկար զրույց են ունեցել` քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում Թայվանի շուրջ առկա խնդիրը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ծինպինը հինգշաբթի առավոտյան երկար զրույց են ունեցել` քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում Թայվանի շուրջ առկա խնդիրը:

Այս օրերին, երբ Թայվանն անցկացնում է Չինաստանի կողմից ռազմական հնարավոր հարձակման դեմ պատրաստվելու ամենամյա զորավարժությունները, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը զրուցում են հեռախոսով:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռի խոսքերով, «Նրանք կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում պատերազմի և դրա գլոբալ ազդեցության վերաբերյալ: Թայվանի վերաբերյալ նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի փոխվել, և որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է ստատուս քվոն փոխելու կամ Թայվանի նեղուցով խաղաղությունն ու կայունությունը խաթարելու միակողմանի ջանքերին»:

Ինչպես վերլուծաբան Ռոբերտ Դեյլին է ասում, «Վաշինգտոնը, և Պեկինը, նման հանդիպումները նկարագրելիս, միշտ էլ պատմում են այն մասին, թե ինչ են իրենք ասել: Կողմերից ոչ մեկը երբեք չի նկարագրում այն, ինչ լսել է’’:

Թայվանն է այսօր ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից այստեղ այց կատարելու մտադրության մասին հայտարարությունից հետո կտրուկ սրվել է իրադրությունը: Հիշեցնենք, որ Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժան մասնիկը, երբ Թայվանը ցանկանում է պահպանել փաստացի անկախությունը:

«Մենք աջակցում ենք Թայվանին։ Սակայն մեզնից ոչ ոք երբեք չի ասել, որ կողմ ենք անկախությանը, երբ խոսքը վերաբերում է Թայվանին: Դա Թայվանի որոշելիքն է», ասել է Փելոսին:

Սակայն նման այցերը Պեկինը համարում է իր ինքնիշխանության ոտնահարում եւ բազմիցս է զգուշացրել, որ կպատասխանի ուժով: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը վերջերս հանդես եկավ հետեւյալ խոսքերով. «Եթե ԱՄՆ-ն շարունակի այս ուղով առաջ ընթանալ և մարտահրավեր նետի Չինաստանին, անխուսափելիորեն կբախվի ամուր հակաքայլերի: Ամերիկյան կողմը կկրի դրանից բխող բոլոր հետեւանքները», ասել է նա։

Ըստ Պեկինից ստացված հաղորդագրությունների, Սին Բայդենին ասել է, որ հավատարիմ մնա մեկ Չինաստան սկզբունքին եւ զգուշացրել է հետեւյալ խոսքերով. ‘’Ով խաղում է կրակի հետ, այրվում է այդ կրակի մեջ’’։

Սպիտակ տունը չինական հռետորաբանությունն անվանել է ցանկացած նման ուղևորության դեմ «ակնհայտորեն անօգուտ և ոչ անհրաժեշտ քայլ»:

XS
SM
MD
LG