Մատչելի հղումներ

Թրամփը պատրաստվում է նոր պայքարի` հին ձեւերով


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը նորից կրկնեց իր կեղծ այն պնդումը, թե ինքը հաղթել էր 2020 թվականի նախագահական ընտրություններում: Իր իննսուն րոպեանոց ելույթի ուղիղ կեսը Թրամփը տրամադրեց այդ հարցին: Ելույթ, որի ընթացքում նա խոսեց նաեւ վերընտրվելու դեպքում ներգաղթի օրենքներն ավելի խստացնելու եւ իրավապահ մարմիններին հավելյալ իշխանություն տալու իր ծրագրի մասին:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկած սերմանելու Թրամփի որոշումը ուշագրավ է: Բրուքինգզի հաստատությունից Մայքլ Օ՛Հենլոնը Zoom-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է. «Նրա քաղաքականության և գաղափարների մեծ մասը կարելի է ընդունել, որովհետև նա գոնե խաղում էր կանոնների համաձայն: Եվ դա է պահանջում ժողովրդավարությունը: Սակայն, երբ դուք դադարում եք հարգել ընտրությունների արդյունքը, պարզապես այն պատճառով, որ դա ձեր օգտին չէ, դա բոլորովին այլ հարց է ու անընդունելի մոտեցում’’:

Թրամփի խոսքերը կարող են իրենց արձագանքն ունենալ ԱՄՆ-ի ափերից այն կողմ: Այս մասին է ասում Ջերեմի Սուրին, որը պատմության պրոֆեսոր է Թեքսասի համալսարանում: «Ես կարծում եմ, որ այս ելույթը նորից մի խոչընդոտ է դառնում ցույց տալու համար, որ ԱՄՆ-ը ժողովրդավարության փարոս է: Երբ ամերիկացիների մոտ 30 տոկոսն ընդունում է այս աղբը, երբ մարդիկ նրան հոտնկայս ծափահարում են, ինչպես դա արեցին նախորդ օրը, ցույց են տալիս, որ ժողովրդավարությունն իրականում այսօր ամերիկյան մտածողության գերիշխող ուժը չէ’’:

Հունվարի 6-ի իրադարձությունները, երբ ամբոխը հարձակում իրականացրեց ընդդեմ Կոնգրեսի շենքի, մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են Կոնգրեսի լսումների ժամանակ: Վերջերս այստեղ քննարկման առարկա դարձավ այդ ապստամբությունից հետո Թրամփի արտասանած հետեւյալ խոսքը. ‘’Ես չեմ ուզում ասել, որ ընտրություններն ավարտվել են: Ես պարզապես ուզում եմ ասել, որ Կոնգրեսը վավերացրել է արդյունքները՝ չհայտարարելով, որ ընտրություններն ավարտվել են’’:

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպման ժամանակ Թրամփը կրկնեց այդ խոսքերը, ու կրկնեց շատ բարձր, ցույց տալու համար, որ ինքը պատրաստվում է նոր պայքարի` հին ձեւերով:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG