Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը լրագրողներին ասել է, որ քովիդ 19 -ով վարակված նախագահ Ջո Բայդենն իրեն լավ է զգում և լիովին կատարում է իր բոլոր պարտականությունները:
Սպիտակ տան COVID-19-ի հարցերով համակարգող դոկտոր Աշիշ Ջհան ասել է, որ 79-ամյա Բայդենն ունի հարբուխ և չոր հազ, սակայն պատվաստումների արդյունքում գերազանց է գործում իմունային համակարգն ընդդեմ այս հիվանդության: Այս պահին նա ընդունում է Paxlovid հակավիրուսային դեղամիջոցը: ‘’Նա նաև բուժվում է շատ հզոր հակավիրուսային դեղամիջոցով, և դա է՛լ ավելի է նվազեցնում վտանգը’’, ասել է նա:
Բայդենը չորեքշաբթի օրը մեկնել էր Մասաչուսեթս՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ելույթով հանդես գալու համար: Հիվանդությունը հայտնաբերվել է պարբերաբար անցկացվող թեստավորման արդյունքում:
Նախագահը սոցցանցերի միջոցով տեղեկացրել է ամերիկացիներին, որ ինքն այս պահին էլ նվիրված կատարում է իր պարտականությունները եւ իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է երկրի առաջին տիկին Ջիլ Բայդենին, ապա նա գտնվում է Միչիգանի Դեթրոյթ քաղաքում, ուր պիտի այցելեր տեղի դպրոցներից մեկը: Նրա մոտ թեստը ցույց է տվել բացասական արդյունք: Առաջին տիկինը նույնպես վստահեցրել է մարդկանց, որ ամուսնուն վտանգ չի սպառնում:
Սպիտակ տան COVID-19-ի համակարգողն ասել է, որ BA.5 ենթատեսակը Միացյալ Նահանգներում այս պահին կազմում է բոլոր վարակների 78 տոկոսը: Դոկտոր Ջհան հիշեցնում է, որ նախագահ Բայդենը ժամանակին ջանասիրաբար պայքարեց պատվաստանյութերն ու հակավիրուսային դեղամիջոցները բոլորին հասանելի դարձնելու համար և իր սեփական օրինակով խրախուսեց մարդկանց ենթարկվել պատվաստումների:
''Ամերիկայի Ձայն''