Մատչելի հղումներ

Վերլուծաբան Յանուշ Բուգայսկի. Ուկրաինայում պատերազմը կարող է արագացնել Ռուսաստանի փլուզումը


Վերլուծաբան Յանուշ Բուգայսկի
Վերլուծաբան Յանուշ Բուգայսկի

Ջեյմսթաուն հիմնադրամի ավագ փորձագետ, քաղաքագետ Յանուշ Բուգայսկին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի կազմալուծման հնարավոր սցենարների մասին

Վլադիմիր Պուտինը, առաջ քաշելով այս տարվա փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառները, մի շարք հայտարարություններ արեց, որոնք բնորոշ էին կայսերական տրամադրություններին. նա իր ագրեսիվ պատերազմը հարևան երկրի դեմ համեմատեց Պետրոս Առաջինի գործունեության հետ և օկուպացված տարածքները անվանեց Ռուսական կայսրության կորցրած տարածքներ։

Պուտինի պատմական հաշվարկները շատերի կողմից ծաղրի արժանացան, բայց Մոսկվան անմիջապես ցույց տվեց, որ պատրաստ է պատմության վերաբերյալ իր առաջնորդի տեսակետները հիմնավորել ուկրաինացիների և ռուս զինվորների հազարավոր զոհերով: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը մի շարք ռազմավարական սխալ հաշվարկներ է կատարել, որոնք կարող են հանգեցնել ծանր հետեւանքների հենց Ռուսաստանի համար՝ ընդհուպ մինչեւ փլուզում։

Շատ փորձագետներ խոսում են Ռուսաստանի փլուզման հավանականության մասին, որը փորձում է գործել որպես կայսրություն՝ չնայած սահմանադրությամբ ժողովրդավարական դաշնային հանրապետություն է։ Սակայն քչերն են փորձում վերլուծություն անել, թե նման փլուզումն ինչպես կազդի եվրասիական և տրանսատլանտյան տարածաշրջանի վրա, և ինչ պետք է անեն շատ երկրներ դրա հետևանքներին պատրաստ լինելու համար:

Նման վերլուծություն է իրականացրել քաղաքագետ, Ջեյմսթաուն հիմնադրամի ավագ փորձագետ Յանուշ Բուգայսկին «Ձախողված պետություն. Ռուսաստանի փլուզման ուղեցույց» գրքում:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Յանուշ Բուգայսկին ասում է, որ Ռուսաստանը կանգնած է էկզիստենցիալ ընտրության առաջ, և պատերազմն ավելի է սրել այս ընտրության անհրաժեշտությունը՝ այն դարձնելով գրեթե անխուսափելի։

Դանիլա Գալպերովիչ. Ձեր գրքում դուք վերլուծում եք տեսանելի ապագայում Ռուսաստանի փլուզման հնարավորությունը: Կարող է արդյո՞ք պատերազմը, որը Պուտինը սկսել է փետրվարին Ուկրաինայի դեմ, արագացնել այս գործընթացը։

Յանուշ Բուգայսկի. Կարծում եմ, որ այն կարագացնի դա: Այս պատերազմը բացահայտեց երկու բան. Առաջինը՝ Ռուսաստանը կայսերական հայեցակարգի վրա հիմնված պետություն է։ Նա շարունակում է փորձել գրավել տարածքներ։ Սա պետականության հին հայեցակարգ է, ես կասեի՝ նույնիսկ ոչ թե քսաներորդ, այլ տասնիններորդ դարի։ Եվ երկրորդ՝ պատերազմը բացահայտեց Ռուսաստանի թույլ կողմերը։ Հիշում եմ, թե ինչպես ներխուժման սկզբում նույնիսկ մեր առաջատար ռազմական վերլուծաբանները զգուշացնում էին ռուս զինվորականների հզորության մասին։ Ուկրաինայում տեսանք, որ դա այդպես չէ։ Իսկ Ուկրաինա ներխուժման ընթացքը, կարծում եմ, իրականում բացահայտեց ռուսական հասարակության մեջ շատ ավելի խորը խնդիրներ՝ համատարած կոռուպցիա և խաբեություն, փաստերի խեղաթյուրում։ Այս ամենին մենք ականատես ենք եղել նաև խորհրդային ժամանակներում՝ իրենց բոլոր հնգամյա ծրագրերով, կեղծված, արտադրության թվերով և այլն։ Եվ սա, իհարկե, ի հավելումն այն հսկայական կորուստների, որ Ռուսաստանը կրում է, և ավելին կկրի, քանի որ ավելի առաջադեմ արևմտյան զենքեր են տրամադրվում Ուկրաինային: Եվ հետո կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք նոր-նոր են սկսում զգացնել տալ իրենց, և դրանց ազդեցությունը շատ ավելի կուժեղանա ամռանը, և մինչև տարեվերջ մի քանի ամիսների ընթացքում։ Ոչ միայն Ռուսաստանի ՀՆԱ-ի բավականին զգալի անկում է սպասվում, այլև պատժամիջոցները կսկսեն լրջորեն ազդել արտադրության տեմպերի, մատակարարման շղթաների, զբաղվածության և այլնի վրա: Այսպիսով, պատերազմն արագացրեց այն գործընթացները, որոնց մասին ես խոսում եմ իմ գրքում ռուսական պետության ձախողման մասին:

Դ.Գ.. Դուք ակնհայտորեն գրել եք ձեր գիրքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի բաց փուլից առաջ, բայց իրականում կանխատեսել էիք այս փուլը. գործող ռեժիմի փրկության համար՝ էլիտար խմբերի և հասարակության մոբիլիզացիա»։ Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի վրա հարձակումը կազմակերպվել է հենց այս նպատակների համար։

Յա.Բ.- Կարծում եմ՝ դա էր պատճառներից մեկը։ Պուտինն ու Կրեմլում նրա մարդիկ քաջատեղյակ են իրողություններին. նրանցից առնվազն ոմանք լավ գիտեն տնտեսական իրողությունները, էներգետիկայի եկամուտներից Ռուսաստանի գերկախվածությունը, նրա տնտեսության անբավարար արդիականացումը և աշխարհում նրա անմրցունակությունը: Նրանք հույս ունեին, որ կկարողանան վերականգնել կամ նույնիսկ հասնել ավելիին, ինչը նախկինում կոչվում էր «Ղրիմի կոնսենսուս». 2014 թ-ին Ղրիմի բռնակցումը բարձրացրեց Պուտինի և նրա թիմի վարկանիշը, հենց այն ժամանակ, երբ թվում էր, որ հասարակական կարծիքը նրա դեմ է, իսկ Մոսկվայում և այլուր ընթանում էին ցույցեր։ Այսինքն՝ մոբիլիզացիոն ասպեկտը ակնհայտ է։

Նաև կարծում եմ, որ Պուտինի մոտ կա «ռուսական հողեր հավաքելու» գաղափար։ Նրա համար ժառանգության հարց կա. նա չի երիտասարդանում՝ անկախ իր առողջության մասին տեղեկություններից։ Հարց կա նաև, թե ինչ կլինի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ 2024 թվականին: Կրեմլը անհանգստանալու մեծ ու փոքր առիթներ ուիներ։ Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ սկսվեց այն ակնկալիքով, որ կհետևի համեմատաբար արագ հաղթանակ Կիևի նկատմամբ։ Կամ, եթե նույնիսկ Կիևը չընկնի, ապա Ուկրաինան կզինաթափվի, կապառազմականացվի և այլն։ Նրանք բոլորովին սխալ են հաշվարկել. սա ռուսական պետության հերթական ձախողումն է, նույնիսկնրա գաղտնի ծառայություններն, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ իրավիճակ է տիրում Ուկրաինայում, որին, իբր, ավելի ուշադիր հետևել են, քան ցանկացած այլ երկրի:

Դ.Գ.- Նախկին Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տարածքում պետությունների փլուզման հնարավորության վերաբերյալ արևմտյան մոտեցումները տարբեր ժամանակներում տարբեր են եղել։Կար մոտեցում, որ փլուզումը պետք է կանխել (բոլորս հիշում ենք 1991 թ-ին Կիևում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ելույթը), բայց կար նաև հակառակ կարծիքը, որ, ընդհակառակը, պետք է խթանել փլուզումը: Օրինակ՝ Ռուսաստանի «ապագաղութացման» վերաբերյալ վերջերս կայացած ճեպազրույցը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում: Դուք անձամբ ի՞նչ մոտեցում եք նախընտրում։

Յա.Բ.- Չեմ կարծում, որ մեր մոտեցումը որևէ նշանակություն ունի այն ամենի համեմատ, ինչ կատարվում է հենց Ռուսաստանում։ Ռուսաստանն անցնում է էկզիստենցիալ ճգնաժամի միջով: Այն կամ կդառնա իրական դաշնություն՝ որոշակի մակարդակի ապակենտրոնացումով, բազմակարծությամբ, ժողովրդավարությամբ, շուկայական մրցակցությամբ և վերջ կդնի համակարգային պետական կոռուպցիային, կամ պարզապես կփլուզվի, և ես գրում եմ դրա մասին իմ գրքում: Եթե նա չհամաձայնի այդ փոփոխություններին, ապա ռուսաստանյան պետության և հասարակության մեջ աճող լարվածությունը, որը սրվում է ուկրաինական ձախողված պատերազմով, Ռուսաստանին կհանգեցնի ճգնաժամի, որը կանդրադառնա նրա գոյության վրա, իհարկե, ոչ թե հենց ռուսների, այլ իրենց երկրի։ Երբ խոսում եք նախապատվությունների մասին, ես նախընտրում եմ, որ իդեալական տարբերակում մենք պատրաստ լինենք նման զարգացման, և Բայդենի վարչակազմն այս ուղղությամբ բավականաչափ քայլեր չի ձեռնարկում։ Բայդենը խրախուսում է ժողովրդավարությունը՝ ձգտելով օգնել Ռուսաստանին դառնալ ավելի ժողովրդավար, հասնել իրական ֆեդերալիզացիայի և այլն, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև այլընտրանքին՝ որ Ռուսաստանը կսկսի քանդվել, որ նոր սուբյեկտներ կսկսեն ի հայտ գալ, կլինեն հեղափոխական իրավիճակներ երկրի տարբեր հատվածներում: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք հարաբերություններ հաստատել նոր սուբյեկտների հետ, որոնք դուրս կգան քայքայվող Ռուսաստանից։ Սա մեր որոշումը չէ, բայց կարծում եմ, որ մենք չպետք է լինենք անպատրաստ, ինչպես Բուշի ելույթի ժամանակ էինք Կիևում։ Մեր գործը չէ որոշել, թե ուր պետք է գնա Ռուսաստանը, բայց, իհարկե, մեր գործն է նախապատրաստվել հետեւանքներին։

Դ.Գ.- Դուք ասում եք, որ արևմտյան վերլուծաբանները չէ, որ պետք է որոշեն Ռուսաստանը փլուզվի, թե ոչ, բայց կան վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ Ռուսաստանը պարզապես պետք է փլուզվի, որ այն պետք է ապագաղութացնվի: Նրանց քննադատներն իրենց հերթին ասում են, որ ներկայիս ռուսական պետության փլուզման կոչերը միայն կմեծացնեն ռուսների ցանկությունը՝ դիմակայել Արևմուտքին և կավելացնի հանրային աջակցությունը Պուտինի ռեժիմին, քանի որ նրանք պետության փլուզումը կդիտարկեն որպես այլընտրանք այս ռեժիմին, իսկ դրա միջով նրանք արդեն անցել են 1990-ականների սկզբին։ Այսպիսով, ինչ եք մտածում դրա մասին:

Յա.Բ. Ես կարծում եմ, որ պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում, և այն, որ մենք ականատես եղանք ոչ միայն ցեղասպանության փորձի այն ձևով, որով դա սահմանում են միջազգային կազմակերպությունները, այլ նաև ռուսացման, ուկրաինական հողերի յուրացման գործընթացի ևունեցվածքի բռնակցմանը, և այլն, այս ամենը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը մեղադրվեց գաղութատիրության մեջ: Հենց գաղութատիրական ուժերն են անում ճիշտ նույն բանը. ներխուժում ենհարևան երկրներ, տեղահանում մարդկանց, բռնի կերպով ձուլում (տվյալ դեպքում՝ ռուսաֆիկացնում) նրանց, ինչպես տեսանք Խերսոնում, Դոնբասում և այլ վայրերում։ Սա է, որ նոր բանավեճի է հանգեցնում, թե ինչպես կարելի է ապագաղութացնել Ռուսաստանը. ինչպես կարող են ժողովուրդները, ովքեր իրենց «ռուսներ» չեն համարում, վերականգնել իրենց ինքնիշխանությունը, ինքնորոշումն ու մնացած ամեն ինչը: Դա այն է, ինչ իմ կարծիքով նշանակում է «ապագաղութացում»:

Ես իրականում ավելի հեռուն կգնայի և կխոսեի ոչ միայն Ռուսաստանի «ոչ ռուս» ժողովուրդների, այլնաև բուն ռուս բնակչության մասին, որն ապրում է տարբեր շրջաններում։ Հեռավոր Արևելքում, արևմտյան և կենտրոնական Սիբիրում, հյուսիսային տարածքներում նույնպես մարդիկ չպետք է շահագործվեն Մոսկվայի կողմից այնպես, ինչպես դա այժմ տեղի է ունենում։ Նրանք չեն ապրում, ասենք, իրենց շրջանների հնարավորությունների չափով։ Ուրեմն խոսքը ոչ միայն ոչ ռուս ժողովուրդների «ապագաղութացման» մասին է, այլեւ կենտրոնի՝ Մոսկվայի վերահսկողությունից հենց իրենց՝ ռուսների ազատագրման։ Հիշեք, որ պատմության մեջ եղել են ինքնիշխանության և պետականության տարբեր շարժումներ՝ Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում նույնիսկ Հեռավոր Արևելքի Հանրապետություն էեղել: Այսպիսով, ես կարծում եմ, որ այս հարցերը նորից ի հայտ կգան, քանի որ տնտեսությունը սկսում է կրճատվել և տարածաշրջանային տարբերությունները սկսում են էլ ավելի մեծանալ:

Դ.Գ. Եթե այս գործընթացը սկսի զարգանալ, ի՞նչ ժամկետ եք տեսնում դրա համար:

Յա.Բ.- Ես չեմ խոսում ժամկետների մասին: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա մեկ գիշերվա ընթացքում, չնայած բոլորը հիշում են, թե ինչ արագությամբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Կարծում եմ, որ դա կլինի ձգձգվող ճգնաժամ։ Որոշ տարածաշրջաններում դա ավելի նկատելի կլինի, քան մյուսներում: Կարծում եմ, որ այնպիսի վայրերում, ինչպիսին է Հյուսիսային Կովկասը, Միջին Վոլգայի շրջանը և որոշ այլ հատվածներ, մենք հավանաբար կտեսնենք արագացված շարժումներ դեպի ինքնորոշում, ինքնիշխանություն և Մոսկվայի հետ կապերի խզում:

Բայց նորից, ես չէի ցանկանա խոսել ինչ-որ ժամանակացույցի մասին, քանի որ կան ամեն տեսակի գործոններ, որոնց մասին ես խոսում եմ իմ գրքում, որոնք կարող են տարբեր ժամանակներում համընկնել: Մոսկվայում նույնիսկ կարող է լուրջ պայքար ծավալվել իշխանության համար, որն իսկապես կարող է, ասենք, ազդել այս պետության ապագայի վրա։ Եվ սա պարզապես Պուտինի հեռացումը չէ, այլ ավելի լայն երրևույթ՝ ռազմական ապստամբությամբ կամ տարածաշրջանային ընդվզումներով:

Դ.Գ.Որո՞նք են ձեր հիմնական առաջարկությունները ԱՄՆ վարչակազմին: Ինչպե՞ս պատրաստվել դրան:

Յա.Բ.- Կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր հետևենք այս ամենին և ոչ թե պարզապես նայենք զարգացումներին, այլ իսկապես վերահսկենք դրանք: Մենք պետք է շատ սերտ համագործակցենք Ռուսաստանին սահմանակից բոլոր երկրների հետ: Իմ գրքում նույնպես սա կա: Ռուսաստանի փլուզումը կազդի նրա սահմանների վրա գտնվող առնվազն մեկ տասնյակ երկրների վրա: Նրանցից ոմանք կարող են թաքնված տարածքային պահանջներ ունենալ, ոմանք ունեն հարակից բնակչություն հարևան Ռուսաստանի հանրապետություններում, տարածքներում և շրջաններում, և նրանք բոլորն ուշադիր հետևելու են, թե դա ինչ է նշանակում իրենց անվտանգության և կայունության համար:

Մենք պետք է նաև սկսենք Ռուսաստանի Դաշնությունից ի հայտ եկած պոտենցիալ սուբյեկտների հետ կապ հաստատելու գործընթացը։ Ես արդեն խոսել եմ Հյուսիսային Կովկասի և Միջին Վոլգայի տարածաշրջանի մասին, բայց մենք պետք է խոսենք Հեռավոր Արևելքի, պոտենցիալ բավականին հարուստ տարածքների և քաղաքների մասին՝ Խաբարովսկ, Սախալին, որոնց մասին մենք շատ չենք խոսում, բայց որոնք կարող են սերտ կապեր հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք այս ամենից կշահի Չինաստանը։ Մենք պետք է պատրաստվենք հեղափոխական փոփոխությունների աշխարհաքաղաքականության մեջ՝ կապված Ռուսաստանի փլուզման և նոր պետությունների առաջացման հետ։ Այս մասին իմ գրքում կան մոտ տասը էջ տարբեր առաջարկություններ:

Դ.Գ.- Կարո՞ղ է, որ Ռուսաստանի ղեկավարությունն էլ է այս ամենը հաշվի առնի և փորձի կանխել դա՝ էլ ավելի սեղմելով պտուտակները՝ ընդհուպ մինչև տոտալիտարիզմ։ Կարող է արդյո՞ք Պուտինի ռեժիմը դառնալ տոտալիտար, կամ, հաշվի առնելով վերջին միտումները, էլ ավելի տոտալիտար:

Յա.Բ.. Պուտինը վերջին տասնամյակում ուժեղացրել է վերահսկողությունը նոր օրենքների, անվտանգության նոր կառույցների ստեղծման և հասարակական գործունեության սահմանափակման միջոցով: Հետաքրքիր է, որ նա դեռ համընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարել, նույնիսկ պատերազմ չի հայտարարել Ուկրաինային։ Եթե ինչ-որ պահի նա հայտարարի համընդհանուր մոբիլիզացիա, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը գնում է դեպի պատերազմական տնտեսություն։ Ամեն ինչ ուղղված է լինելու զենքի արտադրությանը, ռազմաճակատ մատակարարելուն, պատերազմիհամար պիտանի բոլոր քաղաքացիների մոբիլիզացիային։ Սա կապված կլինի վիթխարի սահմանափակումների հետ, բավականին բռնակալական, Ռուսաստանի բնակչության համար, որը կազդի տնտեսության և հասարակության վրա, բայց այս ամենն ունի սահմանափակ պահպանման ժամկետ: Այսինքն՝ կարող ես երկիրը վերադարձնել 10-20-30 տարի առաջ, բայց վաղ թե ուշ ինչ-որ բան այլևս չի գործի։

Ժամանակակից աշխարհում մարդիկ ենթարկվում են արտաքին միջավայրին, և ես դա շատ պարզ եմ ասում գրքում: Կարծում եմ, եթե նայեք Ռուսաստանի պատմությանը, ապա կտեսնեք պահեր, երբ Ռուսաստանում նրա բնակիչներն ասում էին «բավական է», երբ հեղափոխություններ, ապստամբություններ և քաղաքացիական պատերազմներ էին ընթանում։ Այսպիսով, կարծում եմ, որ Ռուսաստանի ռետոտալիտարիզացիան, եթե կարելի է այդպես ասել, ունի սահմանափակ ժամկետ՝ հաշվի առնելով տնտեսական պայմանները, հասարակության աճող դժգոհությունը, տարածաշրջանային տարբերությունները, որոնք ես նշեցի, և, իհարկե, հաշվի առնելով այս պատերազմում ունեցած անիմաստ կորուստները։

Հոդվածը պատրաստվել է ռուսական ծառայության լրագրող Դանիլա Գալպերովիչի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG