Ռուսական «Գազպրոմը» Եվրոպայում գնորդներին տեղեկացրել է, որ չի կարող երաշխավորել գազի մատակարարումը «իր վերահսկողությունից անկախ արտառոց հանգամանքների պատճառով»: Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության կողմից հրապարակված նամակը:
Խոսքը «Հյուսիսային հոսք 1» գազամուղով Գերմանիա և դրանից դուրս գազի մատակարարումների մասին է։ Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմից» նամակը ստացվել է չորս օր առաջ, սակայն այն վերաբերում էր հունիսի 14-ից սկսած մատակարարումներին։
Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրևոր Սիկորսկին Bloomberg-ին ասել է, որ ֆորսմաժորային հայտարարությունը, այսինքն` պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարումը կարող է ցույց տալ, որ Գազպրոմը չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը Հյուսիսային հոսք 1-ով: Այդ օրը պետք է ավարտվեր գազատարի ծրագրած տեխսպասարկումը։
Նամակը ստացողների թվում է Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողը` ‘’Յունիպեր’’-ը: Ընկերությունը հայտարարել է, որ պաշտոնապես մերժել է «Գազպրոմի» հայցը՝ այն համարելով անհիմն: Պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մասին նախազգուշացում է տրվել նաև Գերմանիայի էլեկտրաէներգիա արտադրող RWE խոշորագույն ընկերությանը։
Հունիսի 16-ից «Գազպրոմը» 60%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումները՝ բացատրելով դա գազի պոմպակայանների մատակարարման ուշացումով, որոնք արգելափակվել են Կանադայում պատժամիջոցների պատճառով։
Մատակարարումները Հյուսիսային հոսք-ով դադարեցվել էին հուլիսի 11-ից։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Siemens Energy»-ի կողմից վերանորոգված գազային տուրբինը Կանադայից արդեն իսկ ուղարկվել է Գերմանիա:
Եվրամիության պաշտոնյաները հայտնել են, որ ԵՄ-ի անդամ երկրները պետք է պատրաստ լինեն նրան, որ Ռուսաստանից գազի մատակարարումները չեն վերսկսվի:
Եվրահանձնաժողովը պատրաստվում է ռուսական «Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպա գազի մատակարարման ցանկացած սցենարի, այդ թվում լրիվ դադարեցմանը:
Այս մասին երեքշաբթի մամուլի ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
«Մենք աշխատում ենք բոլոր հնարավոր սցենարների վրա, և սցենարներից մեկը, որը պետք է հաշվի առնենք արտակարգ իրավիճակների պլանավորման ժամանակ, մատակարարումների չվերսկսման հավանականությունն է», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
''Ռոյթերս''