Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի նախկին ռազմական ղեկավարներ. Արևմուտքը չպետք է կորցնի վճռականությունը, սակայն պիտի խուսափի միջուկային էսկալացիայից


Գեներալներ Բրիդլավը և Ջոնսը «Ամերիկայի Ձայնի» Ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում նշել են, որ միջուկային հակամարտության ներկա վտանգը ոչ պակաս վտանգավոր է, քան Կուբայի ճգնաժամի ժամանակ: Նրանք հանդես են եկել ՆԱՏՕ-ի ուժերի պատրաստվածության ուժեղացման կարեորության մասին հայտարարությամբ։

Նախագահ Բայդենը ոչ վաղ անցյալում հասկացրել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողություններում Մոսկվայի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում կլինի «լիովին անընդունելի» և «կունենա ամենալուրջ հետևանքները»: Թե ինչ հետևանքներ կարող են լինել դրանք՝ Սպիտակ տան վարչակազմը դեռ նախընտրում է չբացահայտել: Ուստի «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությունը պարզաբանումների համար դիմել է ամերիկացի առաջատար ռազմական փորձագետներին, ովքեր տարբեր ժամանակներում ծառայել են որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի ռազմական հրամանատարներ։

Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Պուտինը հրամայեց, որ երկրի միջուկային ուժերը բերվեն լիակատար պատրաստության և ավելացրեց, որ Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի, «եթե անհրաժեշտ լինի մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար», ՆԱՏՕ-ի առաջատար ռազմական փորձագետները ահազանգ հնչեցրին: Ուկրաինայում պատերազմի պատճառով միջուկային ռազմական հակամարտության վտանգը, նրանցից շատերի կարծիքով, այժմ շատ ավելի մեծ է, քան, ասենք, 1962 թվականի Կուբայի ճգնաժամի ժամանակ էր:

«Երբ իրականում գիտակցում ես, թե որքան կարճ է ճանապարհը ու նեղ` Պուտինից մինչև Երկրի վրա կյանքի ավարտը, սկսում ես հասկանալ, որ սա ուղղակի խելագարություն է», - թվիթերում ասել է Դյուքի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Քիրան Հելին:

ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոնների կողմից հրապարակված հետախուզական տվյալների համաձայն, այժմ Ռուսաստանի պաշտպանության նախարարության 12-րդ գլխավոր վարչության այսպես կոչված «C» օբյեկտները ցրված են ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում: Այս օբյեկտների հիմնական գործառույթն է պաշտպանել դրանց վրա պահվող տարբեր հզորությունների հազարավոր միջուկային զենքերը՝ հրթիռային մարտագլխիկներից մինչև ջրածնային ռումբեր:

Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ այսօր Ռուսաստանը կարող է արագ օգտագործել միջուկային զենքի միայն մեկ տեսակ՝ բալիստիկ հրթիռներ, որոնք տեղակայված են ցամաքում կամ սուզանավերի վրա։ Բայց, եթե Կրեմլը հարված հասցնի, այդ թվում՝ միջուկային, արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքը կկարողանա հետ մղել նման հարձակումը։

«Նախ, ՆԱՏՕ-ն ունի բոլոր անհրաժեշտ ներուժն ու հնարավորությունները իրեն պաշտպանելու համար»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանն ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: «Երբ մենք տեսնում ենք ռուսական ուժերի ձախողումները Ուկրաինայում, գալիս ենք այն եզրակացության, որ Ռուսաստանը կորցրել է ռազմական գործողություններ իրականացնելու կարողության մի մասը: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ուկրաինայում չի կարողանում լավ համակարգել նույնիսկ առանձին փոքր ստորաբաժանումների գործողությունները, էլ չեմ խոսում խոշորների մասին։ Հետևաբար, կարող եմ ասել, թե լիովին վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի զորքերը կկատարեն նման մարտական առաջադրանք։ ՆԱՏՕ-ի մարտական ներուժը լիովին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մարտի դաշտում հաղթել Ռուսաստանին։ Բայց դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն դեռ շատ անելիքներ ունի պատրաստվածության առումով, ինչը մտահոգիչ է:

Գագաթաժողովում քննարկվել է նաև 300.000 զինծառայողներին բարձր պատրաստականության վիճակի բերելու հարցը, ինչը լուրջ որոշում է:

«Ինչ վերաբերում է հարցի միջուկային բաղադրիչին,- շարունակում է գեներալ Բրիդլավը,- այո, ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք պարոն Պուտինի, Վալերի Գերասիմովի և նրա մյուս համախոհների այն խոսքերին, որ իրենք պատրաստ են միջուկային զենք կիրառել։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ դա չպետք է մեզ հետ պահի Եվրոպայի ավանդական մարտադաշտում հենց հիմա ճիշտ վարվելուց: Եթե թույլ տանք, որ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին պարոն Պուտինի սպառնալիքներն ու խոսքերը մեզ հետ պահեն [ճիշտ] գործողություններից, ապա մեզ հետ կպահենք նաեւ երկու տարի հետո, չորս տարի հետո և այդպես շարունակ’’։

Ռուսական նման « C օբյեկտ»-ներից մեկը, որը կոչվում է «Բելգորոդ-22», գտնվում է Ուկրաինայի սահմանից ընդամենը քառասուն կիլոմետր հեռավորության վրա։ Ատլանտյան խորհրդի քաղաքագիտության ինստիտուտի վերլուծաբան Էրիկ Շլոսերը գնահատում է, որ շվեյցարական կենտրոնի ռուսական միջուկային նախագիծը կարծում է, որ ռուսական ռազմական հրամանատարությունից մի քանի ժամ կպահանջվի այդ միջուկային զենքերը ռազմակայաններ հասցնելու և պատրաստ վիճակի մեջ դնելու համար: ՆԱՏՕ-ն այժմ ի վիճակի է գրանցել այս բոլոր շարժումները ժամանակակից հսկողության սարքավորումներով, ինչը Արևմուտքին որոշակի ժամանակ է տալիս արձագանքելու համար: Բայց արդյո՞ք դա բավարար կլինի:

«Կարծում եմ, որ Եվրոպային ռուս-ուկրաինական սահմանի մոտ լինելու հանգամանքը և այն փաստը, որ այս սահմանն անցնում է ցամաքով, ավելի է մեծացնում ռիսկերը: Թերևս այս գործոնն ավելի տագնապալի է դարձնում իրավիճակը, քան Կուբայի ճգնաժամի ժամանակ»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը: – Ինչպես գիտենք, ՆԱՏՕ-ի հոգեբանությունն առաջին հերթին պաշտպանողական է: Նույնիսկ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ն երբեք չի ծրագրել առաջին հարվածն արձակել: Ստեղծված իրավիճակում Վլադիմիր Պուտինն արդեն առաջին հարվածն է արձակել ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ երկրի, այլ ՆԱՏՕ-ի գործընկեր Ուկրաինայի դեմ, և սա նշանակալի պահ է։ Ես կարծում եմ, որ դաշինքը չպետք է կորցնի իր համախմբվածությունը և իր ողջ ուժով պիտի փորձի պարոն Պուտինին ցույց տալ իր մտադրությունների լրջությունը՝ լինի դա Բալկաններում, թե ՆԱՏՕ-ի արևելյան թեւի ուղղությամբ։ Կարծում եմ՝ պարոն Պուտինն արդեն շատ է հիասթափված, որ իր գործողությունների արդյունքում ՆԱՏՕ-ն շուտով ընդլայվելու է ևս երկու անդամներով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ: Բացի այդ, ռուսական բանակը ցույց է տվել, որ իր [մասնագիտական] մակարդակը բավականին ցածր է։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, բայց մենք պետք է վճռական լինենք և չհրաժարվենք այս տարբերակից, եթե պարոն Պուտինը իր զորքերը տեղափոխի Արևմուտք»։

«Այս պատերազմում միջուկային զենք օգտագործելու գաղափարը շատ, շատ նշանակալից քայլ կլինի: Մի բան, որը կարծում եմ, տեղի չի ունենա», - շարունակում է գեներալ Ջոնսը։ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վլադիմիր Պուտինը նման քայլի մասին անգամ չմտածի... Որովհետև եթե անցնես այս գիծը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչով կավարտվի ամեն ինչ... Դա այն չէ, ինչին ձգտում են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները: Սրանից ամեն գնով պետք է խուսափել»:

Այսօր արեւմտյան փորձագետները կարծում են, որ Եվրոպայում միջուկային ռազմական ճգնաժամից կարելի է խուսափել։ Նրանցից ոմանք վճռական զսպման քաղաքականությունն անվանում են Արևմուտքի միջուկային ռազմավարության հիմնաքար։ Այլ կերպ ասած, ուկրաինական հակամարտությունում Մոսկվայի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի արձագանքը պետք է լինի այնպիսին, որ հիմնովին ազդի Կրեմլի հետագա մարտավարության վրա և, ի վերջո, ստիպի նրան նվազեցնել էսկալացիան։

''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն

XS
SM
MD
LG