Մատչելի հղումներ

Ամերիկյան հետհամաճարակային անշարժ գույքի շուկան՝ ըստ ոլորտի մասնագետների


Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ում հետհամաճարակային զարգացումները շարունակում են առաջ մղել ամերիկյան անշարժ գույքի շուկան: Ըստ Zillow-ի՝ ԱՄՆ-ում գործող անշարժ գույքի շուկայի գները վերջին երկու տարում աճել են գրեթե 30 տոկոսով:

COVID-19 համաճարակը անշարժ գույքի բում է առաջացրել Միացյալ Նահանգներում, որը դեռևս շարունակվում է, ասում են ոլորտի փորձագետները:

Անշարժ գույքի շուկայի Zillow ընկերությունը նշում է, որ 2020 թվականի հունվարին համաճարակի սկսվելուց ի վեր, տների գները բարձրացել են գրեթե 30 տոկոսով՝ հասնելով միջինը 350 հազար դոլարի:

«Պանդեմիայի ընթացքում շատ քիչ տուն վաճառողներ են եղել, ովքեր ցանկացել են իրենց տունը շուկա հանել՝ վախենալով վարակվել։ Սակայն շատերը ձգտում էին տուն գնել համաճարակի ժամանակ, որը կունենար ավելի մեծ տարածք տնային գրասենյակների համար: Ահա, այստեղ են առաջ եկել բազմաթիվ առաջարկներ»,- պատմում է անշարժ գույքի գործակալ Ջեյն Ֆեյրվեդերը:

Այսպիսով, սեփականատերերը ցանկանում էին, որ իրենց տները համապատասխան լինեն իրենց նոր պահանջներին:

«Համաճարակի ընթացքում մենք ականատես եղանք պահանջարկի երկու մեծ աճի՝ մեկը՝ ավելի լավ բացօթյա ժամանցային տարածքով, մյուսը՝ տնային գրասենյակային տարածքով անշարժ գույք»,-ասում է Bowers Design Build-ի փոխնախագահ Վիլմա Բոյերսը։

Ինչպիսին է հետհամաճարակային անշարժ գույքի շուկան ԱՄՆ-ում. ոլորտի մասնագետների կարծիքներ
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Առևտրային գրասենյակային տարածքների և տների գույքագրման ցածր պահանջարկը փոխարինվել է բազմասենյականոց և բազմաբնակարան շենքերում տների պահանջարկով:

Ըստ Kastle Systems-ի՝ կոմերցիոն գույքի կառավարման ընկերության՝ հունիսի դրությամբ ԱՄՆ-ի աշխատողների միայն 44 տոկոսն է վերադարձել իրենց աշխատավայր՝ համեմատած նախահամաճարակային մակարդակի հետ:

Այս ոլորտի մասնագետները հաշվի են առնում համաճարակի ազդեցության ներքո ձևավորված նոր պահանջները, ինչպիսիք են ընդհանուր գրասենյակային տարածքները և տեխնոլոգիաները, որոնք նվազագույնի են հասցնում ֆիզիկական շփումը փոքր տարածքներում, օրինակ՝ վերելակներում: Նրանք ստեղծում են ավելի ընդարձակ բացօթյա բնակելի տարածքներ, ինչպիսիք են պատշգամբներ, ամառանոցներ և խաղահրապարակներ:

Վիրջինիայում հիմնված Highland Square Holdings-ը կառուցել է երկու նման բազմաբնակարան շենք Վաշինգտոնից դուրս և այսօր կառուցում է ևս չորսը:

«Մեր բոլոր բնակարանները կարող են օգտագործվել այստեղ բնակվելու կամ աշխատելու համար, կամ էլ համատեղելու ապրուստն ու աշխատանքը»,- ասում է Highland Square Holdings-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Սելդին:

Շատերը կարծում են նաև, որ մարդիկ ի վերջո կվերադառնան վերափոխված աշխատանքային տարածքներ:

«Նոր շենքերն ունեն սննդի և խմիչքի ավելի ու ավելի լավ հարմարություններ կա՛մ տեղում, կա՛մ էլ շրջակա տարածքում, ինչպես նաև ավելի լավ ընդմիջման սենյակներ, քան եղել են նախկինում: Նրանք հագեցած ամեն ինչով՝ ցերեկային խնամքի հնարավորություններից մինչև շների խնամքի հարմարություններ և ֆիթնես կենտրոններ, որոնք այժմ նման են ակումբների»,- պատմում է BOKA Powell-ի տնօրեն Էնդրյու Բենեթը:

Շատ հյուրանոցային և գրասենյակային տարածքներ նույնպես վերածվում են բազմաբնակարան համալիրների, քանի որ շատերը հարմարվում են նոր ապրելակերպին հետհամաճարակային աշխարհում:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Մաքսիմ Մոսկալկովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG