Ուրբաթ օրը հրազենային հարձակման է ենթարկվել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, որը ստացած վնասվածքների արդյունքում զոհվել է: Սպանության մեջ կասկածյալ անձնավորությունը ձերբակալված է: Նախընտրական ելույթի ժամանակ 67-ամյա Աբեին սպանողը եղել է 41-ամյա ոմն Տեցույա Յամագամին:
Այսպիսով Սինձո Աբեն մտնում է Ճապոնիայի անցյալ պատմության էջեր, որտեղ նա կմնա որպես ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից, ով, Չինաստանի վերելքին դիմակայելու համար, աջակցեց արևելյան Ասիայում Արևմուտքի ներկայությանն ու ամրապնդմանը:
Պահպանողական առաջնորդը վարչապետի պաշտոնից իր հրաժարականն էր ներկայացրել 2020 թվականի օգոստոսին՝ երկրի բարձրագույն դիրքը ինը տարի զբաղեցնելուց հետո: Սակայն նա մնաց գործուն քաղաքական դեմք, հատկապես որպես կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հնչեղ ձայն:
Վերլուծաբաններն ասում են, որ Աբեն հայտնի էր հավակնոտ արտաքին քաղաքականությամբ, որը Տոկիոյին ավելի էր մոտեցնում Վաշինգտոնին և Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` ԱՄՆ-ի դաշնակիցներին:
Աբեն մեծապես ամրապնդեց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որը Ճապոնիայի դաշնակիցն է դեռեւս 1951 թվականից: Նա այդ նպատակի համար օգտագործեց նաեւ Դոնալդ Թրամփի կողմից Ամերիկան կառավարելու ժամանակահատվածը: Շարունակեց ամրապնդել ճապոնա-ամերիկյան հարաբերությունները նաեւ Ավստրալիայի և Հնդկաստանի հետ միասին, նպատակ ունենալով դիմակայել Չինաստանի վերելքը: Աբեն հանդես էր գալիս հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ազատ միջազգային օգտագործման օգտին՝ նախապատրաստելով զենքերի արտահանում դեպի Վիետնամ և Ֆիլիպիններ, երբ երկու այս երկրները Պեկինի հետ վիճարկում են Հարավչինական ծովի տարածքներ, երբ Սառը պատերազմի տարիներից ԱՄՆ-ի նախկին թշնամի Չինաստանը վերջին տասնամյակի ընթացքում ընդլայում է իր ռազմածովային նավատորմը` ընդարձակվելով դեպի մոտակա ծովեր և հարավային Խաղաղ օվկիանոս:
Սակայն, չնայած Արեւմուտքի հետ հարաբերությունները մեծապես ամրապնդելու գործում իր խաղացած դերին, Աբեին չհաջողվեց հաջողություններ գրանցել Չինաստանի, Ռուսաստանի կամ Հարավային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Ճապոնիան և Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունեն Կուրիլյան որոշ կղզիների պատկանելության հարցում:
Ճապոնիայում զենք ձեռքբերելը չափազանց դժվար է. Այն պահանջում քրեական անցյալի մանրամասն ստուգումներ, պարտադիր դասընթացներ, հոգեբանական վիճակի գնահատում և լայնածավալ նախնական ստուգումներ, ներառյալ հարևանների հետ հարցազրույցներ: Հետևաբար, հրազենային հանցագործությունն այստեղ փաստացի գոյություն չունի։ Ճապոնիայում ամեն տարի միջին հաշվով 10-ից քիչ հրազենային մահացության դեպքեր են գրանցվում։ Քաղաքական հայտնի դեմքերը, երկրի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչները մյուսների պես ազատ զբոսնում են փողոցում, զրուցում փողոցում անցորդների ու խանութներում` աշխատող անձանց հետ, սեղմում ձեռք: Նույնիսկ ընտրարշավների ժամանակ քաղաքական գործիչները շրջում են առանց թիկնապահների: Այդ պատճառով էլ Աբեին սպանողը կարողացել է այդքան մոտենալ նախկին վարչապետին ու արձակել զենքի մեջ տեղադրված երկու փամփուշտները: Իսկ զենքը եղել է ինքնաշեն, պատրաստված երկու խողովակներից:
Այնպես որ, ազատ շրջելու ավանդույթն ու վստահությունը մեծապես կփոփոխվի նաեւ Ճապոնիայում, որտեղ օրինակ 2017 թվականին գրանցվել է հրազենային մահացության միայն երեք դեպք: