Մատչելի հղումներ

Հրաժարական ներկայացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը


Հինգշաբթի օրը հրաժարական ներկայացրեց սկանդալային մի քանի պատմությունների մեջ հայտնված Բորիս Ջոնսոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հրաժարականի մասին հայտարարեց այն բանից հետո, երբ 50 նախարարներ հրաժարվեցին նախարարական իրենց պորտֆելներից: Ջոնսոնը կորցրել էր նաեւ պահպանողական օրենսդիրների մեծամասնության աջակցությունը:

‘’Ես ուզում եմ, որ իմանաք, թե որքան տխուր եմ աշխարհի լավագույն աշխատանքից հրաժարվելու համար’’, ասել է Բորիս Ջոնսոնը` առանց իր շուրջն առկա խնդիրների ու թույլ տրված սխալների համար ներողություն խնդրելու:

Հիշեցնենք, որ Ջոնսոնն իշխանության եկավ գրեթե երեք տարի առաջ՝ խոստանալով ապահովել Brexit-ը և փրկել երկիրը դառը վիճաբանություններից: Նախկին լրագրողի և Լոնդոնի նախկին քաղաքապետի պաշտոնամուտն այն ժամանակ արժանացավ շատերի հավանությանը նույնիսկ մրցակից կուսակցության շարքերում:

Նրա հրաժարականից հետո տեղի են ունենալու Պահպանողական կուսակցության ներքին ընտրություններ`՝ կուսակցության նոր առաջնորդ ընտրելու համար: Հաղթողը նաեւ կհռչակվի երկրի հաջորդ վարչապետ: Գործընթացը, սակայն, կարող է տևել շաբաթներ, քանի որ մի քանի կուսակցականներ արդեն դիրքեր են գրավում մինչեւ ընտրությունները:

Ջոնսոնը, չնայած հրաժարական ներկայացնելու բազում պահանջներին, մնում էր հաստատուն: Սակայն ստիպված եղավ գնալ հրաժարականի, երբ հիսուն հոգու հրաժարականներից հետո հրաժարականներ ներկայացրին նաեւ միայն երկու օր առաջ նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք: Նրանք ասել են, որ վարչապետի պաշտոնում մնալու Ջոնսոնի համառությունը խարխլում է երկրի քաղաքական հիմքերը:

Սա նվաստացուցիչ պարտություն է 58-ամյա Ջոնսոնի համար, ում հաջողվեց Մեծ Բրիտանիան դուրս բերել Եվրամիության կազմից: Բացի այդ նրան համարում էին COVID-19-ի դեմ պայքարելու եւ պատվաստումների աշխատանքները կազմակերպելու գործում աշխարհում ամենահաջողված առաջնորդը:

Բայց մշտապես խառնիխուռն մազերի սանրվածքով առաջնորդը, որը հաճախ թողնում էր քնից նոր արթնացած մարդու տպավորություն, հաճախ էր ենթարկվում քննադատության` իր պաշտոնական բնակարանում Քովիդի պայմաններում երեկույթներ անցկացնելու համար:

Վերջերս էլ եղան բացահայտումներ այն մասին, որ Ջոնսոնը նախապես է իմացել Պահպանողական օրենսդիր Քրիս Փինչերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին, եւ այդ փաստն անտեսելով է, նա նրան նշանակել կառավարությունում բարձր մի պաշտոնի:

Ջոնսոնը հայտարարում է, թե կշարունակի մնալ պաշտոնում մինչև իր իրավահաջորդի ընտրությունը: Մի բան, որին դեմ են արտահայտվում քաղաքական բազում առաջնորդներ: Ինչպես օրինակ նախկին վարչապես Ջոն Մեյջորն է ասում, ‘’անխոհեմ’’ կլիներ վարչապետի պաշտոնում երկար մնալը:

‘’Նման իրավիճակում վարչապետը պահպանում է իշխանության լծակները, եւ կարող է այս ընթացքում ընդունել ավելի մտահոգիչ որոշումներ’’, ասել է նա:

Սույն հոդվածը կազմված է ''Ռոյթերս''-ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

XS
SM
MD
LG