Հղիության արհեստական ընդհատման իրավունքի գործով աղմկահարույց որոշումից հետո լրջորեն տուժել է երկրի բարձրագույն դատական մարմնի իմիջը։
Ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է արձագանքել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որը չեղյալ է համարել Ռոնն ընդդեմ Ուեյդի գործով դատավճիռը, որը կարգավորում էր օրենսդրորեն աբորտի իրավունքը: Որոշումն ազդեց դատարանի աշխատանքի ընդհանուր գնահատման վրա: Նման եզրահանգման են եկել Ipsos ընկերության սոցիոլոգները, որոնք Reuters գործակալության պատվերով սոցիոլոգիական հետազոտություն են անցկացրել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են երեքշաբթի օրը։
Դատելով հարցման արդյունքներից՝ այժմ ամերիկացիների 57%-ը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, մինչդեռ երկրի բնակիչների 43%-ը դրական է գնահատում նրա աշխատանքը։ Այսպիսով, երկրի բարձրագույն դատական մարմնի հեղինակությունը, որը ավանդաբար համարվում էր իշխանության անաչառ ճյուղ, սասանվեց և սկսեց նմանվել Կոնգրեսին, որի աշխատանքը ամերիկացիների մեծ մասը բացասական է գնահատում։
Գերագույն դատարանի վարկանիշի փոփոխությունը արտացոլված է հունիսի սկզբի հարցումների հետ համեմատության մեջ: Ըստ Reuters/Ipsos-ի սոցիոլոգիական հարցմանը, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը, ամերիկացիների 52%-ը դրական է վերաբերվել Գերագույն դատարանին, մինչդեռ հարցման մասնակիցների 48%-ը բացասական է գնահատել նրա աշխատանքը։
Հարցվածների մոտ 27%-ն այժմ ծայրահեղ բացասական վերաբերմունք ունի դատարանի նկատմամբ։ Այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է հունիսի սկզբի ցուցանիշի հետ համեմատած, երբ այն կազմում էր 14%։
Դատարանի աշխատանքի գնահատման փոփոխությունները գրեթե ամբողջությամբ արձանագրվել են ի հաշիվ դեմոկրատների, որոնք մեծամասնությամբ պաշտպանում են աբորտի իրավունքը՝ ի տարբերություն հանրապետական կողմնակիցների։
Ուրբաթ օրը պահպանողական մեծամասնություն ունեցող Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973 թվականին ընդունված Ռոնն ընդդեմ Ուեյդի որոշումը, որը ճանաչում էր կանանց աբորտի սահմանադրական իրավունքը: Պահպանողական ակտիվիստների կողմից որպես մեծ հաղթանակ գնահատված այս որոշումը հիմնովին կփոխի միլիոնավոր ամերիկուհիների կյանքը։
Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Գերագույն դատարանի որոշումը։ Դեմոկրատները հուսով են, որ հանրապետականների կողմից կանանց իրավունքների դեմ ճնշումները կօգնեն դեմոկրատներին այս նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:
Երկուշաբթի և երեքշաբթի Ipsos-ի առանձին հարցման համաձայն, ամերիկացիների մոտ 55%-ը կարծում է, որ աբորտը պետք է օրինական լինի բոլոր կամ շատ դեպքերում:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա