Մատչելի հղումներ

Ինչպիսի կապեր ունի Ռուսաստանը սպիտակամորթ ծայրահեղական խմբավորումների հետ. վերլուծաբանների կարծիք


Ռուսաստանցի ազգայնական ծայրահեղականների շքերթ
Ռուսաստանցի ազգայնական ծայրահեղականների շքերթ

Ծայրահեղականության սպառնալիքին դիմակայելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը վերջերս պատժամիջոց է կիրառել ևս երեք անձանց նկատմամբ, ովքեր կապված են «Ռուսական կայսերական շարժում» կամ RIM ահաբեկչական խմբավորման հետ: Վերլուծաբաններն ասում են, որ RIM-ը ծայրահեղ ազգայնական սպիտակամորթների խմբավորում է, որոնք Կրեմլը օգտագործում են ԱՄՆ-ում և Եվրոպայում պառակտում սերմանելու համար

«Ռուսական կայսերական շարժումը», ինչպես երևում է այս քարոզչական տեսանյութից, կիսառազմականացված զորավարժություններ է իրականացնում սպիտակամորթ ծայրահեղականների և նեոնացիստների մասնակցությամբ, պնդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Այն հունիսին պատժամիջոցներ է կիրառել ևս երեք անձանց նկատմամբ, որոնք կապված են Ռուսաստանում գործող ահաբեկչական խմբավորման հետ:

«Նրանք որոշակի հետաքրքիր հարաբերություններ ունեն Ռուսաստանի կառավարության հետ. նրանց խորհրդանիշները և քարոզչությունը երբեմն արգելվում է: Եվ միևնույն ժամանակ, նրանց թույլատրվում է գործել և աշխարհի այլ մասերից բերել համախոհ նեոնացիստներին»,- ասում է Հեյդի Բեյրիչը «Ընդդեմ ատելության և ծայրահեղականության գլոբալ նախագիծ» նախաձեռնությունից:

Ռուսաստանն ու սպիտակամորթ ծայրահեղականները. փորձագիտական կարծիք
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Քանի դեռ նրանք չեն սպառնում նախագահ Պուտինի իշխանությանը Ռուսաստանում, ռադիկալ խմբավորումները շարունակում են գործել՝ ծառայելով Կրեմլի շահերին, պնդում են վերլուծաբանները: Նրանք տարաձայնություններ են սերմացնում, հրահրում ռասայական ու էթնիկական անկարգություններ արևմտյան ժողովրդավարական երկրներում:

Ընդդեմ ատելության և ծայրահեղականության գլոբալ նախագծի ներկայացուցիչ Հեյդի Բեյրիչի խոսքով՝ սպիտակ ռասային փոխարինման կեղծ գաղափարը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում սպիտակամորթ ծայրահեղականների շրջանակում: Այս գաղափարը, որ սպիտակ մարդկանց միտումնավոր փոխարինում են տարբեր ազգերի գունավոր մարդկանցով դրդել է Բաֆոլոյում հրաձիգին իրականացնել զանգվածային սպանություն, պնդում է Բեյրիչը:

Նեոնացիստներն ու սպիտակամորթներն ակտիվորեն օգտագործում են տարբեր ինտերնետային հարթակներ՝ միմյանց միջև կապ հաստատելու համար, որոնք միշտ չէ, որ վերահսկվում են:

Իսկ Մոսկվան, ըստ հետազոտողների, աջակցում է նրանց ձայնը լսելի դարձնելու համար։

«Ինտերնետի միջոցով նրանք կարող են իրենց հաղորդագրությունը տարածել միլիարդավոր մարդկանց բոտերի և թրոլերի միջոցով: Ռուսաստանը չափազանց ներգրավված է լրատվամիջոցների ստեղծման ոլորտում, որոնք ապատեղեկատվական տեղեկատվությունը հաստատում են ևտարածում»,- ասում է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչ Օլգա Լաուտմանը:

Այս համատեքստում նախագահ Պուտինի վիճարկելի պնդումը, թե Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ իր հարևանին ապանացիֆիկացնելու համար, ընկալվում է որպես ապատեղեկատվություն:

«Այս հռետորաբանությունը ուղղված է Ռուսաստանի քաղաքացիներին, քանի որ Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիզմը չափազանց բացասաբար է ընկալվում։ Եթե դուք մեղադրում եք ձեր հակառակորդներին կամ թշնամիներին, ապա այս բառի կիրառումը բացատրում է, թե ինչու են անհրաժեշտ արմատական քայլերը»:

Օրինակ՝ Ազովի գունդը, որը 2014 թվականից հետ է մղում ռուսական ուժերի գրոհները, Ռուսաստանը հաճախ ներկայացնում է որպես նեոնացիստական: Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները և Ուկրաինայի պաշտոնյաները պնդում են, որ դա հնացած մոտեցում է, որը մանիպուլացվում է Կրեմլի կողմից քարոզչության համար:

«Շատ ջանքեր են գործադրվել շարժումը մի տեսակ բարեփոխելու և ծայրահեղ աջ համոզմունքներ կրողներից ձերբազատվելու համար»,- ասում է Anti-Defamation League կազմակերպության ներկայացուցիչ Քալում Ֆարլին:

Փորձագետ Հեյդի Բեյրիչն էլ պնդում է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ սպիտակամորթ ազգայնականների հետ Ռուսաստանի ունեցած կապերի վրա:

«Նեոնացիզմը, տարբեր տեսակի սպիտակամորթների գերակայությունը, թիվ 1 ներքին ահաբեկչական սպառնալիքն է Միացյալ Նահանգներում և մի շարք այլ երկրներում: Եթե Պուտինի ռեժիմը ձեռնամուխ լինի սպիտակամորթ ազգայնականներին նյութական օգնություն տրամադրելուն, ապա մենք ականատես կլինենք ավելի շատ և ավելի արդյունավետ հարձակումների»,- նշում է նա:

Այս առումով բազմաթիվ հարցումներ են ուղարկվել Ռուսաստանի իշխանություններին՝ մեկնաբանության խնդրանքով, սակայն որևէ արձագանք կամ պատասխան այդպես էլ չի ստացվել:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG