Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հարգեցին կոմունիզմի ավելի քան 100 միլիոն զոհերի հիշատակը


Կոմունիզմի զոհերի հուշարձան, Վաշինգտոն, 10 հունիսի, 2022 թ.
Կոմունիզմի զոհերի հուշարձան, Վաշինգտոն, 10 հունիսի, 2022 թ.

Վաշինգտոնում տեղադրված Կոմունիզմի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կայացավ համանուն հիմնադրամի կազմակերպած հերթական տարեկան միջոցառումը՝ նվիրված կումունիզմի զոհերի հիշատակին, ուր Ալեքսեյ Նավալնիին հանձնվեց հիմնադրամի մրցանակը

Բռնակալական վարչակարգերը տապալվում են միայն այն ժամանակ, երբ նրանց դեմ են դուրս գալիս խիզախ մարդիկ, իր ելույթում ասել է «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ի նախագահ Էնդրյու Բրեմբերգը Վաշինգտոնի կենտրոնում տեղադրված Կոմունիզմի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կազմակերպած միջոցառմանը: Ավելի քան մեկ տասնյակ տարի ամեն հունիս ամսին այստեղ են հավաքվում տասնյակ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, բազմաթիվ կազմակերպությունների և միությունների անդամներ ու իրավապաշտպաններ՝ կոմունիզմի ավելի քան հարյուր միլիոն զոհերի հիշատակը հարգելու և հուշարձանին ծաղկեպսակ տեղադրելու նպատակով:

Արարողության կազմակերպիչ, շուրջ երեք տասնյակ տարի առաջ Վաշինգտոնում հիմնված, «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ի նախագահ Բրեմբերգն իր ելույթում կարևորում է այս միջոցառման անցկացումը՝ շեշտելով՝ այսպիսով մենք աշխարհին ենք հիշեցնում, որ ավելի քան մեկ ու կես միլիարդ մարդ այսօր շարունակում է մնալ այս գաղափարախոսության ճիրաններում:

Պուտինը ձևավորվել է կոմունիստական գաղափարախոսության ներքո. Լի Էդվարդց
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00

«Մեզ համար ազատ աշխարհում չափազանց կարևոր է ոգեկոչել ու հիշատակել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել կամ տառապել կոմունիզմից: Դա վերաբերում է ինչպես նրանց, ովքեր այսօր արդեն ազատ են, այնպես էլ նրանց, ովքեր շարունակում են տառապել կոմունիզմից»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասել է հիմնադրամի նախագահը:

Հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Լի Էդվարդցը իր ելույթում ընդգծել է, որ այս տարվա միջոցառումն ունի հատուկ նշանակություն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով: Ըստ նրա՝ այն դժվար է տարանջատել մարքիստ-լենինյան կոմունիստական մահաբեր ժառանգությունից, ուր, ըստ Էդվարդցի, գերիշխում է բռնությունն ու ուժի կիրառման սպառնալիքը: Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Պուտինն այս գաղափարախոսության հիմնական կրողներից է, քանի որ դաստիարակվել է խորհրդային բռնակալության խորհրդանիշ ՊԱԿ-ի գերատեսչության ներքո, ուր ծառայել է շուրջ 16 տարի:

«Այս մարքսիստական գաղափարախոսության ներքո է կայացել Վլադիմիր Պուտինը: Մեր միակ պատասխանն այն է, որ պատրաստ ենք հաստատկամ ու ամուր դիմակայել հնչեցվող սպառնալիքներին ու բռնությանը»,- ասում է Լին:

Միջոցառման ընթացքում հիմնադրամի կողմից ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին շնորհվեց Այլախոհների և մարդու իրավունքների պաշտպանության մրցանակը, որը Նավալնիի փոխարեն ստացավ նրա Հակակոռուպցիոն հիմնադրդամի փոխնախագահ Աննա Վեդուտը, ով ևս կարևորեց Ուկրաինայում պատեարզմի դադարեցումը:

«Որպեսզի հնարավոր լինի դադարեցնել Պուտինի և նրա շրջապատի սանձազերծած այս զզվելի պատերազմը, անհրաժեշտ է օգնել մեզ պայքարել հանուն ճշմարտության և հանուն նրա, որ այս ճշմարտությունը հասանելի դառնա Ռուսաստանի քաղաքացիներին»,- ասել է նա Ամերիկայի ձայնի հետ զրույցում:

Միջոցառումն ամփոփվեց ծաղկեպսակների տեղադրմամբ: Մեկ տասնյակից ավել դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները հերթով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին կոմունիզմի զոհերի հիշատակին: մասնակիցների թվում էին ԵՄ, Կանադայի, Գերմանիայի, Հուգարիայի, Մերձբալթյան երկրների, Մոլդովայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների բարձրաստիճան դիվանագետներ:

XS
SM
MD
LG