Մատչելի հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկում են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հնարավորությունները


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ՝ բանակցություններ վարելու ուկրաինական հացահատիկի բեռնափոխադրումների շուրջ, որոնք դադարեցվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով: Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել է Մևլութ Չավուշօղլուին։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր, ուկրաինական հացահատիկի մատակարարումները սևծովյան նավահանգիստներից կանգ են առել, և ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ մնացել են պահեստներում:

Հակամարտությունը առաջ է բերել պարենային համաշխարհային ճգնաժամ՝ դառնալով հացահատիկի եւ պարարտանյութերի գների աճի պատճառ: Սա ստիպել է ՄԱԿ-ին Օդեսայից և Ուկրաինայի մյուս նավահանգիստներից նավագնացության ուղիները վերաբացելու ծրագիր մշակել:

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների գրեթե մեկ երրորդը: Ռուսաստանը նաև պարարտանյութերի մեծ արտահանող է: Ուկրաինան եգիպտացորենի և արևածաղկի ձեթի հիմնական արտահանողն է:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի օրն ասել է, թե ուկրաինական հացահատիկի արտահանումը ծովային միջանցքով վերսկսելու ՄԱԿ-ի ծրագիրը «խելամիտ» է և պահանջում է ավելի շատ բանակցություններ Մոսկվայի և Կիևի հետ՝ ապահովելու համար նավերի անվտանգությունը:

Ելույթ ունենալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայում իրենց հանդիպումը արդյունավետ էր, այդ թվում՝ պատերազմող կողմերի միջև հնարավոր հրադադարի շուրջ բանակցություններին վերադառնալու հարցում:

Թուրքիան, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է դեր ստանձնել «դիտորդական մեխանիզմի» շրջանակներում, եթե համաձայնություն ձեռք բերվի։

Ներխուժումից հետո Թուրքիան աշխատում էր հրադադարի միջնորդության համար, սակայն բանակցությունները խամրեցին, երբ Անկարան քննադատեց Մոսկվայի ներխուժումը և Կիև սկսեց ուղարկել ռազմական անօդաչու սարքեր:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Սև ծովում ծովային սահման ունի և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ:

Այն աջակցել է Կիևին, սակայն հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։

XS
SM
MD
LG