ԱՄՆ-ը համավարակից հետո սկսել է ցույց տալ տնտեսական վերականգնման նշաններ: Մարդիկ աշխատանք են գտնում, աշխատավարձն էլ բարձրանում է: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես բենզինի գների աճի պատճառով բարձրանում են մյուս ապրանքների ու ծառայությունների գները: Իսկ սա խնդիր է նախագահ Ջո Բայդենի համար, երբ մի քանի ամսից անցկացվելու են միջանկյալ ընտրություններ, այսինքն` ընտրություններ Կոնգրեսում: ABC News/Ipsos-ի կողմից կիրակի օրն անցկացված նոր հարցումը ցույց է տալիս, որ ընտրողների ընդամենը 28%-ն է հավանություն տալիս գնաճը կարգավորելու Բայդենի կողմից իրականացվող քաղաքականությանը:
Բայդենն ասել է, թե թույլ է տալու, որ Դաշնային պահուստային համակարգը շարունակի կատարել դրամական քաղաքականությունը խստացնելու իր գործը: Նա նաեւ նոր ջանքեր կներդնի էներգիայի և բնակարանային ծախսերը նվազեցնելու համար:
Փորձագետներն ասում են, որ Բայդենի վարչակազմը պետք է զսպի գնաճը, բայց ոչ այնքան, որ տնտեսությունը տանի դեպի անկում: ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգը նշել է, որ տնտեսական աճը կշարունակվի:
ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի շրջանակներում վերջինս ասել է.«Մեր վարած քաղաքականության արդյունքում չի նկատվի տնտեսական այնպիսի արագ աճ, ինչպիսին առկա էր վերջին մեկից մեկուկես տարիների ընթացքում, սակայն տնտեսական ուժեղ աճ ակնկալում ենք»։
Հատկապես մտահոգիչ է բենզինի գինը: Չնայած վերջին տարվա ընթացքում գներն արդեն աճում էին, բենզինի գինը հատկապես բարձրացավ Ուկրաինայում պատերազմ սկսելու համար Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Հանրապետականներն ասում են, թե նախագահ Բայդենը չունի գնաճը կանգնեցնելու ծրագիր:
Նրանցից սենատոր Ռիք Սկոթը Fox News-ի հետ զրույցի ընթացքում ասել է. «Բայդենը հարուստ մարդ է... ու գաղափար չունի, թե ինչպես է պետք վարվել գնաճի հետ, չունի ծրագիր՝ պայքարելու գնաճի դեմ: Այն ամենը, ինչ նա անում է, գնաճի համար մյուսներին, այդ թվում Պուտինին մեղադրելն է’’:
Հիշեցնենք, որ նավթարդյունահանող երկրները վերջերս խոստացան առաջիկա երկու ամիսների ընթացքում մեծացնել նավթի արդյունահանման ծավալները: Անցյալ շաբաթ Բայդենի վարչակազմը սա համարեց իր ջանքերի արդյունքում դիվանագիտական առաջընթաց:
''Ամերիկայի Ձայն''-ի Հայկական ծառայություն